Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գծերը չեն երեւում՝ մեղավորը քաղաքապետարանն է (տեսանյութ)

Հասարակություն
karmir-gic-1

Երեւանի փողոցներում առկա սառույցը վարորդներից շատերին խուճապի է մատնում։ Ավտոմեքենան կայանելուց առաջ շատերը ստիպված են փնտրել կարմիր գծերը, դրանք չեն երեւում։ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը ականատես է եղել, թե ինչպես են վարորդները տուգանվում՝ չերեւացող կարմիր գծերի պատճառով։ «Իհարկե ձյունը ծածկել է, էստեղ վարորդը մեղավոր չի, նա դառնում է զոհ։ Սա ծուղակ է։ Պատասխանատուն քաղաքապետն է եւ քաղաքի ավագանին։ Պետք է մի բան մտածեն, պետք է գանձումները կամ տուգանքները ժամանակավոր դադարեցնեն, մինչեւ կարգի գա։ Եթե վիճակը փոխել չի լինում, ուրեմն որոշումը պետք է միշտ ի օգուտ սպառողի լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց պարոն Պողոսյանը՝ հավելելով, որ հուշող ցուցանակների հետ կապած նույնպես անորոշություն կա։ Ավտոկայանատեղիների նկատմամբ հսկողություն իրականացնող «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությանը նշեց, որ խուճապի մատնվելու կարիք չկա։ «Համաձայն ավտոկայանատեղիների մասին օրենքի, ինչպես նաեւ կառավարության որոշման՝ վճարովի ավտոկայանատեղերն ունեն պարտադիր կահավորում, որն իր մեջ ներառում է կարմիր կետագծերը, ճանապարհային նշան, տեղեկատվական ցուցանակ, որով վարորդը կարող է կողմնորոշվել։ Եղանակային պայմաններից ելնելով՝ կարմիր գծերի չերեւալու դեպքում, յուրաքանչյուր վճարովի ավտոկայանատեղիի սկզբում տեղադրված է ցուցանակ, որի վրա ամեն ինչ գրված է։ Ճանապարհային նշանը, որտեղ դրված է, էդտեղից սկսում են այդ նշանի պայմանները, պայմանի փոփոխման դեպքում նոր ճանապարհային նշան է տեղադրվում։ Եթե նոր ճանապարհային նշան չկա տեղադրված, ուրեմն մինչեւ խաչմերուկի ավարտը գործում է տվյալ նշանը»,-ասաց պարոն Հարությունյանը։ Նրա խոսքերով, ձյան եւ սառույցի մաքրման աշխատանքների պատասխանատվությունը պետք է կրի քաղաքապետարանը։ «Փարքինգ Սիթի Սերվիսը» քաղաքապետարանի հետ ունի հստակ կնքված պայմանագիր, ըստ որի՝ փողոցների մաքրման աշխատանքները պետք է կատարի քաղաքապետարանը»,- ասաց «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության ղեկավարը։