Հայերն էլ են բողոքում հարեւանի աղմուկից (տեսանյութ)
Խրախճանքներ սիրող հայկական ընտանիքներում աղմուկը եւ բարձր երաժշտությունն անպակաս են։ Մինչեւ ուշ երեկո դեռ ոչինչ, երբեմն աղմկասեր հարեւանները հանգիստ չեն տալիս ամբողջ գիշեր՝ չկասկածելով անգամ, որ իրենց ուրախությունը կարող է բերել վարչական տուգանքի։ Օրենքը հստակ նշում է ժամի ու աղմուկի տեսակի, սակայն ոչ մի խոսք չի ասում դրա բարձրության աստիճանի մասին։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը մեղմ երաժշտություն է լսում իր տանը, սակայն բարակ պատերի պատճառով այն լսելի է նաեւ հարեւանների տանը, խնդիրն օրենքով լուծել հնարավոր չէ։ Թեեւ քաղաքապետարանը սահմանում է ՝ աղմուկը չի կարող ավելի բարձր լինել, քան 30 դեցիբելը, սակայն ստուգել այդ բարձրությունը խրախճանքից հետո բնականաբար անհնար է։ Պաշտոնական տվյալներով՝ 2013 թվականին Երեւանում գրանցվել է հասարակական կարգի խախտման 129 դեպք, որոնցից 107-ը լռության խախտմանն էին վերաբերում։ Դրանց գրեթե կեսը արձանագրվել է ահազանգերի միջոցով։ Երեւանի համար սրանք եզակի դեպքեր են։ Հայերը ոստիկանություն զանգահարելն ու բողոքելը մեղմ ասած անպատվաբեր են համարում։