Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանափոխություն չի անի (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանը վերադարձել է Հայաստան, բայց ոչ՝ իշխանափոխության համար. «Իշխանափոխությունը, ես կարծում եմ, անցած եզրույթ է, պիտի սահմանադրական-իրավական Հայաստանի կերտումը լինի»։ Նրա տեղակալ Արմեն Մարտիրոսյանը վստահ է՝ «Նախ պետք է լինի իշխանափոխություն հասարակության ակտիվ մասնակցությամբ, որից հետո պետք է ժամանակավոր կառավարություն, հաստատվի նոր սահմանադրություն, ընդունվի խաղի նոր կանոններով»։ Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանն իշխանափոխությունը համարում է վտանգավոր ցնորք։ Սերժ Սարգսյանը պետք է գնա, բայց ովքե՞ր են եկողները. «Անգամ, եթե Լեւոն Տեր Պետրոսյանն է գալու, կամ անգամ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն է գալիս, արդյո՞ք դա համակարգի փոփոխություն է նշանակում։ Ցավոք՝ ոչ»։ Նախախորհրդարանը իշխանափոխության փոխարեն առաջարկում է քաղաքական համակարգի փոփոխություն։ Ժամանակ չկա, բայց դժվար է ասել, թե երբ կսկսեն, ժողովրդից է կախված, նախկին ոգեւորվածությունը չկա. «Թերությունը մերն է, մենք ենք մեղավոր, եթե բավականաչափ համոզիչ չենք դեռեւս եղել» Գրող Վահրամ Մարտիրոսյանն ընդունում է, որ ժողովուրդը հուսալքված է։ Բայց, ըստ նրա, մեր տիպի երկրներում իշխանություն փոխելու պետք է արյուն թափվի եւ այդ որոշումը սովորաբար կայացնում է ընդդիմության առաջնորդը. «Ես դրա համար քաղաքական գործիչ չեմ, որովհետեւ ես պատրաստ չեմ ուրիշների արյունը թափեմ։ Որպես կանոն առաջնորդի արյունը չի թափվում, ուրիշների արյունն է թափվում»։ Այս պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչպես իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին, երբ դժգոհները պայքարելու փոխարեն արտագաղթում են, արձակագիրը Հայաստանի համար կանխատեսում է ուրվական երկրի կարգավիճակ. «Ուրիշ գործիքներ մենք չունենք, աշխարհը չունի, ուր մնաց մենք, բացի քաղաքական կուսակցություններից, բացի զանգվածային շարժումներից»։