Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարին կխոսի (տեսանյութ)
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույս ունի, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը կվերանայի իր որոշումը։ Թեւան Պողոսյանն ավելի վաղ ցանկություն էր հայտնել իր մանդատը վայր դնելու մասին։ «Ես ակնկալում եմ, որ ինքը մնա խմբակցությունում, նման կոչով դիմել եմ Թեւանին, նա շատ լավ կատարում է իր պատգամավորական պարտականությունները»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանի խոսքով, առաջիկա մի քանի ամիսները ցույց կտան յուրաքանչյուրի բնութագրականը, թե ով ինչպես է իրեն պահում. «Խոսքը միայն Թեւանի մասին չէ։ Տարաձայնություններ չկան, նրա որոշումը մասնավոր տիրույթից է բխում, ես նախապես տեղյակ չէի։ Վերադառնալով Հայաստան՝ հանդիպել եմ ոչ միայն Թեւանի, այլեւ շատ գործընկերների հետ եւ ես հույս եմ տածում, որ ինքը կվերանայի այդ որոշումը եւ բոլոր դեպքերում փետրվար ամսվա սկզբից ես ավելի համալիր խոսքով հանդես կգամ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ»,-նշեց «Ժառանգության» առաջնորդը։