Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը (տեսանյութ)
Հեղափոխության փորձ կատարած Շանթ Հարությունյանն այսօր առավոտյան սնունդ է ընդունել եւ դադարեցրել իր 16 օր շարունակ տեւած հացադուլը։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, վերջինս այս պահին էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Թե ինչն է ստիպել նրան դուրս գալ հացադուլից, հանրային կապերի բաժնից չկարողացան ասել, միայն նշեցին, որ այս օրերի ընթացքում նրա հետ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ են տարվել։ Թե երբ նրան կտեղափոխեն «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ երեկ «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ից Շանթ Հարությունյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց»։ Դեկտեմբերի 24-ից Շանթ Հարությունյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության համար։ Նա մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար (քր. օր. 316 հոդվածի 2-րդ մաս)։ Հոդվածը նախատեսում է 5-10 տարի ազատազրկում։