Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ. «ՀՆԱՐԱՎՈՐ Է ԴԱՀԼԻՃՈՒՄ ԿԱՅԻՆ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ»

Հասարակություն

1999 հոկտեմբերի 27-ին ԱԺ-ի դահլիճում վարչապետ Վազգեն Սարգսյանը հասցրել է ձեռքը բարձրացնել եւ հարցնել «Էս ո՞վ է...» եւ հնչել է կրակահերթը...
Այսօր դատավարության ընթացքում այս մասին հիշեց տուժող, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

Պատգամավորը համոզված է, որ այն ինչ տեղի ունեցավ, պետական քաղաքական հեղաշրջման փորձ էր, շատ լավ կազմակերպված, նա չի հավատում, որ 5 ռոմանտիկների ձեռքի գործ էր: Այլ կարծիք ունեցողներին Դալլաքյանը խորհուրդ տվեց թոշակի գնալ:

Վիկտոր Դալլաքյանը մյուս պատգամավորների նման կանգնել է ԱԺ դահլիճի դռների մոտ, օգնել է դուրս տանել վիրավորներին ու զոհվածներին: Նա մոտ մեկ ժամ զրուցել է ահաբեկիչներից Վռամ Գալստյանի հետ: Այդ զրույցից պարզ դարձավ, որ նրանք ինչ-որ մարդկանց, օգնություն էին սպասում: Ըստ Դալլաքյանի, ահաբեկիչները փախուստի ռեալ հնարավորոթյուն ունեին, սակայն չգնացին, հետեւաբար ինչ-որ բանի սպասում էին: Դալլաքյանը հասկացել է զրույցի ընթացքում, որ հանցագործության տեղն ու ժամանակը հստակ որոշված է եղել: Նա համոզված է, որ սպանությունները՝ մասնավորապես Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Լեոնարդ Պետրոսյանի, պլանավորված էին:

Դալլաքյանը չի բացառում, որ ահաբեկիչները դահլիճում ունեցել են համախոհներ: Դահլիճում հանցագործների վարքագծից նա եզրակացրել է, որ յուրաքանչյուրը հստակ գիտեր իր անելիքը եւ հրահանգավորված էր: Պատգամավորը հերքեց ամբաստանյալների այն պնդումը, թե դահլիճում փոխհրաձգություն է եղել:

Վիկտոր Դալլաքայնը բազմիցս դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մի հանգամանքի վրա, նախագահության ետեւի հանգստի սենյակի պատուհանը բաց է եղել, ըստ նրա այդտեղից եւ կարող էին ներս գալ եւ հեռանալ :