Ում ինչ հասավ. ռեվյու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀ Սահմանադրության տրամաբանությամբ խորհրդարանական ընտրությունները բերում են նաեւ նոր կառավարության ձեւավորման: Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստում ՀՀ նախագահն ընդունում է գործող կառավարության հրաժարականն ու տասնօրյա ժամկետում Սահմանադրության 55 հոդվածի պահանջով` ԱԺ-ում պատգամավորական տեղերի բաշխման եւ խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին: Վարչապետի նշանակումից հետո էլ քսանօրյա ժամկետում ձեւավորվում է կառավարություն: Թե ի՞նչ սկզբունքով են ձեւավորվել կառավարությունները Հայաստանում ԱԺ նախորդ 4 գումարումների ընտրություններից հետո, մեր ֆիլմում: Բայց մինչ այդ մի հայացք ետ: Առաջին գումարման ԱԺ ընտրություններում, որ կայացան 1995 թ. հուլիսի 5-ին, համոզիչ հաղթանակ տարավ կառավարող ՀՀՇ կուսակցության հենքով ձեւավորված ՙՀանրապետություն՚ միավորումը, որին բացի ՀՀՇ-ից անդամակցում էին նաեւ ՀՀԿ-ն, ՀՔԴՄ-ն, ՀՌԱԿ-ից անջատված ՌԱ(ԼԴ)Կ-ն, ՍԴՀԿ-ն եւ ՙՄտավորական Հայաստան՚-ը: Սա հավասարների դաշինք չէր. դոմինանտող ուժը ՀՀՇ-ն էր, եւ կառավարությունը ձեւավորվեց ՀՀՇ-ականներից: Վարչապետի պաշտոնում շարունակեց մնալ Հրանտ Բագրատյանը, որ այդ պաշտոնը ստանձնել էր դեռ 1993-ի փետրվարի 5-ին: Նկատենք, սակայն, որ օրվա քաղաքական իշխանության շռնդալից հաղթանակով ձեւավորված խորհրդարանում հետագայում բազում վերաձեւումներ եղան: Առաջին գումարման ԱԺ-ի գործունեության 4 տարվա ընթացքում 4 վարչապետ պաշտոնավարեց: 1996-ի սեպտեմբերի 22-ին կայացած նախագահի ընտրություններից շատ չանցած վարչապետի պաշտոնը վստահվեց Արմեն Սարգսյանին, որը հակասության մեջ լինելով ուժային նախարարների հետ, չկարողացավ երկար աշխատել: Պաշտոնի ստանձնումից մոտ մեկ ամիս անց նա փաստացի լքեց Հայաստանն` առողջական խնդիրների պատճառով, ու ՀՀ-ն մի քանի ամիս մնաց փաստացի անվարչապետ: 1997-ի մարտի 1-ին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը` թողնելով ԼՂՀ ընտրված նախագահի պաշտոնը: 1997-ի աշնանից սուր հակասություններ առաջացավ ներիշխանական դաշտում, որը պայմանավորված էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարի հետ: Չկամենալով արյունահեղության հասցնել ներքաղաքական իրավիճակը, նախագահ Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին հրաժարականի դիմում ներկայացրեց, որը հաջորդ օրն ընդունվեց ԱԺ-ում: Կայացած արտահերթ ընտրություններով ՀՀ նախագահի աթոռն զբաղեցրեց Ռոբերտ Քոչարյանը: Վարչապետ նշանակվեց Արմեն Դարբինյանը, ձեւավորվեց այսպես կոչված` արհեստավարժների կառավարությունը: