Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՈԱԼԻՑԻԱ ԵՆ, ԿՈԱԼԻՑԻԱՅՈՎ ԷԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԿՐԵՆ

Քաղաքականություն

ԱԺ-ում 2005 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այսօր խումբ-խմբակցությունները ներկայացնում էին իրենց վերաբերմունքը հաջորդ տարվա բյուջեի նախագծի վերաբերյալ: Կոալիցիայի մաս կազմող բոլոր կուսակցությունները դրական գնահատական տվեցին փաստաթղթին:

Սակայն, միայն ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն իր կուսակցության անունից բարձրաձայն նշեց. «Ամբողջությամբ պատասխանատվություն ենք կրում բյուջեում ամրագրված կետերի կատարման համար»:

Նույն Դաշնակցության անդամները կարծում են, որ 2005 թվականի բյուջեն պահպանում է նախընտրական խոստումները եւ կոալիցիայի հուշագրով ամրագրված կետերը: «Օրինաց Երկիր»-ն էլ է գոհ հաջորդ տարվա բյուջեին օրինակ բերելով, որ Հանրապետությունում առկա աղքատության մակարդակը 35%-ից նախատեսվում է կրճատել մինչեւ 12,5%: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց. «Ես կհամարեի, եթե բոլորը համարում են, կուլմինացիոն բյուջե: Այսինքն՝ գագաթ ունեցող բյուջե»:

Այնուամենայնիվ, բոլոր կուսակցություններն էլ 2005 թվականի բյուջեում թերություններ էլ են գտել: «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավորները հերթական անգամ հիշեցին «փոշիացած» ավանդների վերադարձի հարցը, որն ի դեպ, հաջորդ տարի էլ բյուջեով նախատեսված չէ: ««Օրինաց Երկիրը» տեսնում է այն գումարը որով կարելի է վերադարձնել ավանդները»,- հայտարարեց «ՕԵ» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը:

Ըստ ՕԵԿ-ականների ավանդների վերադարձի համար անհրաժեշտ է 3 միլիարդ դրամ, որը բյուջեի 375 միլիարդ դրամ ունեցող ծախսային մասում էական բաժին չի կազմում : Բացի այդ, առաջարկվում է ավանդները վերադարձնել ձեռնարկությունների մասնավորեցումից ստացված գումարներից եւ որպես օրինակ նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օտարումը:

Դաշնակցականները դժգոհեցին այն փաստից, որ հակառակ խոստումներին, հաջորդ տարի չի բարձրանա քաղծառայողների բազային աշխատավարձը: Այն 20 հազար դրամից պետք է դառնար 30 հազար դրամ: Այդ ամենը բյուջեի համար կարժենա 1,6 միլիարդ դրամ, ինչը, ըստ դաշնակցականների, մեծ գումար չէ: Բացի այդ, դաշնակցականները համարում են, որ ավելի հիմնավորված պետք է լինի 1 դոլարի տարեկան միջին փոխարժեքը 535 դրամ սահմանելու փաստը: