ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳԻՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՀայրենական մեծ պատերազմից հետո ասում էին, որ զոհվել է 10 մլն սովետական քաղաքացի, ավելի ուշ հայտարարվեց 20 մլնի մասին: Այս թիվը համարվում էր պաշտոնական մի քանի տասնյակ տարի: Սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո եղան նոր հրապարակումներ, որտեղ խոսվում էր 25-27 մլն զոհերի մասին, հետագայում, նույնիսկ շրջանառության մեջ մտավ 50 մլն թիվը:
Պատերազմը սարսափելի փորձություն էր Խորհրդային Միության, ժողովրդի համար: Կարելի է ասել, որ հաղթանակը տրվեց չափազանց ծանր գնով, որոշ պատմաբաններ նույնիսկ համարձակվեցին գրել, որ այդ գնով ձեռք բերված հաղթանակը հավասարազոր էր պարտության:
Խորհրդային երկիրը ծանր կորուստներ կրեց: Ֆաշիստական զորքերը ոչնչացրեցին 70 հազ . գյուղ եւ ավան, 1710 քաղաք, ընդ որում ամենից զարգացած քաղաքները, արդյունաբերական կենտրոնները՝ Լենինգրադ, Օդեսա, Կիեւ, Մինսկ, Ստալինգրադ, Սեւաստոպոլ, Սմոլենսկ, Պսկով, Խարկով եւ այլն: 25 մլն մարդ զրկվեց օթեւանից: Ավերվեց 31815 արդյունաբերական ձեռնարկություն, 4100 երկաթուղային կայան, 40 հազ. հիվանդանոց եւ բուժհիմնարկ, 89 հազ. դպրոց, ԲՈՒՀ եւ տեխնիկումներ, 98 հազ. կոլտնտեսություն...
Գերմանացիները երկրից տարան հսկայական քանակությամբ սարքավորումներ ու տեխնիկա, քանդեցին 65 հազ կմ երկաթգիծ, 505 հազ. հա պտղատու, 155 հազ հա խաղողի այգիներ: Խորհրդային միությունից Գերմանիա տարան նաեւ 7 մլն ձի, 20 մլն խոզ, 27 մլն այծ եւ ոչխար, 17 մլն խոշոր եղջրավոր կենդանի: Ամենից ծանրը մարդկային կորուստներ էին: Մարդիկ զոհվեցին ռազմի դաշտում, գերության մեջ՝ համակենտրոնացման ճամբարներում: Միլինավոր մարդիկ մահացան սովից, ստացած վերքերից, հիվանդություններից: Հետագայում հարյուր հազարավոր մարդկանց , որոնք գերվել էին պատերազմի ժամանակ, հայրենի իշխանությունները աքսորեցին Սիբիր: