Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հեռախոսավարուհու աշխատանք էլ չեն տալիս

Հասարակություն
9a197cbf173eab71ebe928ce58115a08

Մասնագիտությամբ հոգեբան 30-ամյա Լուսինե Դավթյանը արդեն 2 տարի է՝ չի կարողանում աշխատանք գտնել։ «Նույնիսկ հեռախոսավարուհու աշխատանք եմ փորձել գտնել տաքսի սերվիսում, ասել եմ՝ գիտեք իմ իմիջը թույլ չի տալիս, ուղղակի անհրաժեշտ է, սակայն ասում են, որ դու չես կարող անել»,- «Ա1+»-ին ասաց նա։

Նա հիշեցնում է, որ փորձում ենք մոտենալ զարգացած երկրներին, սակայն դա զուտ ձեւական է։ Լուսինեն ծնունդով Արցախից է։ Այնտեղ աշխատել է Սոցապ նախարարությունում, բայց քանի որ մտադիր է Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի հաշմանդամություն ունեցող անձանց միավորել, տեղափոխվել է Հայաստան։

«Ուշ թե շուտ դա տեղի է ունենալու»,- ասաց նա։

Վերջինս նաեւ երգում է եւ հայկական ժողովրդական երգերի սկավառակ է թողարկել։
Լուսինեն այսօր մասնակցում էր հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատանքի տոնավաճառին։ Նրա նման շատերն էին եկել։ «Աշխատանք փնտրելը հեշտ է, իսկ գտնելը՝ դժվար»,- հիշեցնում էին նրանք։

Տոնավաճառին մասնակցում էր 30 գործատու՝ այդ թվում բանկային, հեռահաղորդակցման, տեղեկատվական, կինոարտադրման եւ այլ ոլորտների ընկերություններ։

Վարդան Խաչատրյանը Նոր Հաճընից Երեւան էր եկել հենց աշխատանք գտնելու հույսով։ Մասնագիտությամբ համակարգչային հաշվապահը բավական երկար ժամանակ է՝ չի կարողանում աշխատանք գտել, թեեւ երբեւէ չի էլ աշխատել։

Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է արդեն 3-րդ անգամ եւ գործատուների վերաբերմունքը, «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանի խոսքերով, փոխվում է։ Սակայն կարծրատիպը դեռեւս վերջնականապես չի կոտրվել։ «Դեռ շատ գործատուներ, հատկապես որոշում կայացնողները, կարծում են, որ դա ՓԻ-ԱՌ ակցիա է, բարեգործություն է, երբ մարդկանց վերցնում են աշխատանքի»,- նշեց պարոն Ալավերդյանը։

Վերջինս պետական բոլոր գերատեսչություններին հորդորեց հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանք տրամադրել։