Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հռիփսիմե Խուրշուդյանը կշարունակի ելույթները

Սպորտ
ab6a79a32a05c1b2bb5e476e95af109d

Հայաստանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը, որը 2012 թ Լոնդոնի օլիմպիական խաղերից հետո ընդմիջում է վերցրել, կրկին սկսել է մարզումները:

«Ինչպես ասել էի, երեխայիս ծնունդից հետո վերադառնալու եմ մեծ սպորտ: Արդեն երկուսուկես ամիս մարզվում եմ: Այժմ պատրաստվում եմ 2014 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը կկայանա ապրիլին: Պլանավորել եմ մասնակցել նաեւ աշխարհի առաջնությանը, որն արդեն օլիմպիական վարկանիշ է բերելու», - այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում կայացած ասուլիսին հայտարարեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը:

Խոսելով դոպինգ օգտագործելու համար որակազրկված մեր ծանրորդների մասին՝ Հռիփսիմե Խուրշուդյանն ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ովքեր են պատժվել, քանի որ չի մասնակցել հավաքականի մարզումներին եւ հավաքներին:

Լրագրողները ցանկացան նաեւ պարզել՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանի (Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ) եւ Յուրի Վարդանյանի (Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար) միջեւ եղած լարված հարաբերությունները չեն խանգարում մարզիկներին:

«Մենք այդ մասին ընդհանրապես չենք մտածում եւ հիմնականում կենտրոնանում ենք մարզումների եւ մրցումների վրա» - հայտարարեց անվանի ծանրորդուհին: