Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան - Ուկրաինա` 1,5:2,5

Սպորտ
7f64c6be3ab8c1c7557152334101e9a9

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնությունում անհաջող հանդես գալուց հետո ձախողվեց նաեւ աշխարհի թիմային առաջնությունում:

Թուրքիայում այսօր ավարտված առաջնությունում մեր շախմատիստները վերջին տուրում պետք է անպայման հաղթեին Ուկրաինայի հավաքականին, որպեսզի մրցանակային տեղի հավակնեին:

Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը սպիտակներով շատ արագ ոչ-ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ: Սակայն Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Անտոն Կորոբովին եւ բարդ վիճակում դրեց թիմին:

Մեր մյուս երկու շախմատիստներն արդեն չպետք է միավոր կորցնեին, որպեսզի հավաքականը մրցանակային տեղ զբաղեցներ: Ավաղ, քիչ անց Տիգրան Լ. Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ, եւ մեր ընտրանին զրկվեց հաղթելու հնարավորությունից:

Գաբրիել Սարգսյանը երկարատեւ պայքարից հետո չկարողացավ կոտրել Ալեքսանդր Մոիսեենկոյի դիմադրությունը եւ 73-րդ քայլին նույնպես ոչ-ոքի կնքեց:

Այդպիսով, Հայաստանի հավաքականը երրորդ պարտությունը կրեց առաջնությունում եւ 10 միավորով զբաղեցրեց 5-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն հռչակվեց Ռուսաստանի ընտրանին, երկրորդ տեղը զբաղեցրեց Չինաստանը, երրորդ` Ուկրաինան: