Արթուր Գեւորգյանը` ՀԲՖ-ի նախագահ
Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ է նշանակվել ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին բռնցքամարտիկ Արթուր Սամվելի Գեւորգյանը, որը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է:
«Ֆեդերացիայի նախկին նախագահի աշխատանքը ես գնահատում եմ լավ, բայց ընդհանուր ֆեդերացիայի եւ բռնցքամարտի վիճակը` ոչ բավարար: Նախագահը բավական լավ ֆինանսավորել է, բայց ինքը չի մարզիկներին պատրաստել մրցումներին: Մենք առաջին հերթին որակյալ մարզիչների պակաս ունենք, ուստի պետք է հնարավորություններ ստեղծենք նրանց վերապատրաստելու համար», - ֆեդերացիայի 5-րդ համաժողովում նախագահ ընտրվելուց հետո «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց Արթուր Գեւորգյանը:
Օլիմպիական երկու խաղերի մասնակիցն ավելացրեց, որ իր ուշադրության կենտրոնում կլինեն միայն այն մասնագետները, որոնք արդյունք ցույց կտան. «Մենք ունենք մարզադպրոցներ, որոնք տարիներ շարունակ արդյունք չեն տալիս, ուստի պետք է հետեւություններ անել, փոխել մարզչական կազմը»:
Ի դեպ, ՀԲՖ-ի նախկին նախագահ Արման Մուրադյանը նոյեմբերի 16-ին կայացած գործկոմի նիստի ժամանակ հրաժարական է տվել, սակայն այդ լուրը ֆեդերացիայի ներկայացուցիչները միայն այսօր հրապարակեցին: Նշենք նաեւ, որ ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն հենց Արթուր Գեւորգյանն էր: