«Ալաշկերտի» առաջին բերկրանքը
Հայաստանի ֆուտբոլի առաջնության նորեկ Մարտունիի «Ալաշկերտ»-ից պահանջվեց ուղիղ 11 հանդիպում, որպեսզի բարձրագույն խմբում ճաշակի հաղթանակի բերկրանքը:
Ալաշկերտցիները հերթական խաղում հյուրընկալվեցին Երեւանի «Միկա»-ին: Հանդիպումը չնայած անցավ դաշտի տերերի տարածքային եւ խաղային առավելությամբ, սակայն գոլեր խփեցին միայն հյուրերը: 77-րդ րոպեին Միհրան Մանասյանը բացեց հաշիվը, իսկ խաղավերջում Արամ Հովսեփյանը կրկնապատկեց այն` 2:0:
«Ալաշկերտը» անդրանիկ հաղթանակը տարավ առաջնությունում, սակայն մրցաշարի նորեկը շարունակում է 6 միավորով եզրափակել աղյուսակը, քանի որ մինչ այդ 7 պարտություն էր կրել, այդ թվում 5-ը` խոշոր հաշվով:
Ի դեպ, եվրոպական երկրների ազգային առաջնություններում դեռեւս հաղթանակ չեն տարել բելգիական «Մոնսը», Կիպրոսի «Էնոսիսը» եւ «Ալկին», գերմանական «Նյուրնբերգը», Լյուքսեմբուրգի «Ռասինգը», ռումինական «Ունիվերսիտատեան», ռուսական «Անժին», Սան Մարինոյի «Կայլունգոն» եւ «Սան Ջիովանին», Անդորայի «Պրինսիպատը», ուելսյան «Աֆան Լիդոն»: