Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռազմիկ Սուլթանյանը կողմ է նոր նախագահին

Սպորտ
9dfc0e74a3038a49460535442c1d7936

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը համաձայն է ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակման հետ, իսկ ահա նախագահության անդամների ընտրության մասին լիովին այլ կարծիք ունի:

«Ֆեդերացիայի նախագահության անդամներ պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք գործից տեղյակ են, ինչ-որ բաներ արել են եւ կարող են պարոն Բաղդասարյանի ղեկավարությամբ գործն ավելի առաջ տանել: Բայց նախագահությունում կան մարդիկ, որոնք բոլորովին կապ չունեն վոլեյբոլի հետ: Այդ իսկ պատճառով ինքս հրաժարվեցի լինել նախագահության կազմում» - «Ա1+»-ի մարզական լրագրողին հայտնեց փորձառու մասնագետը:

Ռազմիկ Սուլթանյանին շատ է զարմացրել վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահի շուրջ բարձրացված աղմուկը. «Իմ համար զարմանալի է, որ վոլեյբոլը հանկարծակի սկսեց հետաքրքրել շատ մարդկանց: Լավ կլիներ, որ նրանք ավելի շուտ հետաքրքրվեին այս մարզաձեւով եւ մի փոքր օգնեին այն զարգացնելու համար:

Այդ ամբողջ խոսակցությունները, պատմությունները ոչ մի կապ չունի սպորտի հետ: Եթե Արթուր Բաղդասարյանը որոշել է օգնել վոլեյբոլին, ուրեմն պետք է աջակցել նրան լավ գործեր անելու համար, իսկ եթե նա ուրիշ նպատակներ ունի, ամբիցիաների հարց է, ապա դա շատ վատ է»:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղարը հավելեց, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ վոլեյբոլի հանրապետական ֆեդերացիայի միջեւ միշտ կապեր եղել են, բայց դրանք կրել են միայն փաստաթղթային բնույթ, իսկ ահա ՀԱՕԿ-ի կողմից ֆինանսական օգնություններ չեն եղել վերջին երեք տարիներին: