Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալիա - Հայաստան խաղին ընդառաջ

Սպորտ
6fc68e8d009ea8030f27aaf302aeb1b7

Հայաստանի հավաքականը այսօր կանցկացնի իր վերջին հանդիպումը ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական իր խմբում: Մեր ընտրանին Նեապոլի «Սան Պաոլո» (թարգմանաբար` «Սուրբ Պավել») մարզադաշտում ուժերը կչափի ՖԻՖԱ-ի հաշվարկով աշխարհի չորրորդ հավաքականի` Իտալիայի հետ:

Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, հանդիպումը մեծ հետաքրքրություն չի առաջացրել նեապոլցի ֆուտբոլասերների շրջանում: Առայսօր վաճառվել է մոտ 11 հազար տոմս: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան 6000 տոմս նվիրել է քաղաքի դպրոցականներին:

Նեապոլյան թերթերը նշում են, որ ԻՖՖ-ն այդ եղանակով ցանկանում է թուլացնել իր եւ նեապոլցի երկրպագուների միջեւ եղած լարված հարաբերությունները: Բանն այն է, որ ֆեդերացիան 7 տարի շարունակ ոչ մի խաղ չի անցկացրել Նեապոլում, ինչը վիրավորել է տեղի տաքարյուն տիֆոզիներին:

Ճիշտ է, Նեապոլի երկաթուղային կայարանում երկրպագուները շատ ջերմ են ընդունել Իտալիայի ազգային թիմին, բայց ֆուտբոլիստները սառնությամբ են պատասխանել եւ չեն արձագանքել նրանց ողջույններին:

Ի դեպ, Իտալիայի ազգային հավաքականը 24 անգամ իր մրցակիցներին հյուրընկալել է Նեապոլում, որոնցից 13-ում հաղթել է, 7-ում ոչ-ոքի խաղացել, իսկ 4-ում պարտվել է: Այդ քաղաքում անցկացրած վերջին խաղում, 2006 թվականի սեպտեմբերի 2-ին, Իտալիայի ընտրանին մեծ դժվարությամբ ոչ-ոքի է խաղացել Լիտվայի հավաքականի հետ` 1:1: «Սան Պաոլոյում» իտալացիները վերջին անգամ հաղթանակ տոնել են 16 տարի առաջ, Ռուսաստանի նկատմամբ (1:0):

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա սպորտային առումով այն նշանակություն ունի միայն Հայաստանի հավաքականի համար, որը դեռ պայքարում է երկրորդ տեղի համար, որը անցումային խաղերին մասնակցելու իրավունք է տալիս: Իտալիան արդեն գրավել է առաջին տեղը եւ մտել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Զարմանալի չէ, որ դաշտի տերերի գլխավոր մարզիչը հանգիստ է տվել մի քանի առաջատար խաղացողներին, այդ թվում՝ թիմի ավագին, դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին: Ըստ տեղի մամուլի՝ Իտալիայի հավաքականը խաղին կներկայանա այսպիսի կազմով. Մարկետի, Աբատե, Բոնուչի, Աստորի, Պասկուալ, Պիռլո, Ֆլորենցի, Մոնտոլիվո, Ինսիգե, Բալոտելի:

Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ, ինքնին, համարում են Իտալիայի ընտրանուն, ում հաղթանակը գնահատում են 1,31 գործակցով: Ոչ-ոքին հավասար է 5,50 գործակից, իսկ Հայաստանի հաղթանակը` 8,00: Առավել հավանական համարում են 1:0 (6,00) եւ 2:0 (5,80) հաշիվները:

Հիշեցնենք, որ Իտալիա - Հայաստան հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով ժամը՝ 22-ն անց 45-ին։