Հայաստանի երիտասարդականը կրկին պարտվեց
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2015 թվականի Եվրոպայի առաջնության 4-րդ տուրի խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի նույն տարիքային թիմին:
Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց ղազախների հարձակվող Ռոման Մուրթազաեւը: Ընդմիջումից հետո Դավիթ Հակոբյանը օգտվելով մրցակցի պաշտպանի սխալից վերականգնեց հավասարակշռությունը, սակայն 72-րդ րոպեին Ղազախստանի հավաքականը գերազանց խաղարկեց տուգանային հարվածը եւ պաշտպան Բեյսեբեկովը երկրորդ անգամ գրավեց մեր դարպասը: Այդ գոլն էլ, ի վերջո, վճռեց խաղի ելքը:
Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ղազախների նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Ֆերապոնտովն ասաց, որ սեփական դաշտում Հայաստանից կրած պարտությունից հետո լուրջ հետեւություններ են կատարել, որի արդյունքում կարողացան ճիշտ կառուցել խաղը եւ արժանի հաղթանակ տանել:
Հայաստանի երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմի երկրորդ անընդմեջ պարտությանը պարզ բացատրություն տվեց. «Ֆուտբոլը պատժում է, երբ դու ցանկությամբ ու 100 տոկոսով չես խաղում: Այնպես որ մրցակիցը արժանի հաղթանակ տարավ»:
Ռաֆայել Նազարյանի կարծիքով մեր ֆուտբոլիստները խաղալու ցանկությունը ամբողջովին թողել էին 4 օր առաջ կայացած Ֆրանսիայի հետ խաղում: