FAF -ը «ջերմ» ընդունելության է պատրաստվում
Հայաստանի առաջին ճակատ (FAF) ֆուտբոլասերների ակումբը պատրաստվում է կոշտ ընդունելություն կազմակերպել Բուլղարիայի հավաքականի համար:
«Անցել է մոտ մեկ տարի Սոֆիայում կայացած Բուլղարիա - Հայաստան հանդիպումից: Այդ խաղում մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, և բոլորս էլ հիշում ենք բուլղար ֆուտբոլիստների սադրիչ ու կեղտոտ խաղը: Ուղեւորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր FAF -ի համար:
Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տեւեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լեւսկի» մարզադաշտի հարեւանությամբ եղավ հարձակում արտերկրից ժամանած FAF -ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ:
Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երեւանում նրանց կյանքը դժոխքի վերածել»:
Արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Բուլղարիայի պատվիրակությունը կլինի Երևանում: Մենք, ինչպես հայտարարել էինք, բուլղարացիներին պատրաստվում ենք կոշտ ընդունելություն կազմակերպել հենց օդանավակայանից» - նշված է FAF -ի կատարած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության Հայաստան - Բուլղարիա ընտրական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին, «Հանրապետական» մարզադաշտում: