Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկանիշային մրցաշար Երևանու՞մ

Սպորտ
2ccdbb1f0996c4f00b58ae9fd918e492

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցանկություն ունի մինչեւ 2016 թվականը անցկացնել օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը: Այդ մասին այսօր հայտարարեց ՀԸՖ-ի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը:

«Մենք հայտ ենք ներկայացրել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, մինչեւ գալիք օլիմպիական խաղերը Երեւանում աշխարհի կամ Եվրոպայի երիտասարդական կամ էլ պատանեկան առաջնություն անցկացնելու համար: Ցանկություն ունենք դրանց զուգահեռ կազմակերպել նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար: Հայաստանում կան բոլոր պայմանները այդ մրցումները անցկացնելու համար, սակայն ամեն ինչ կապված է միջազգային ֆեդերացիայի որոշումից»:

Հրանտ Ենոքյանն անդրադարձավ նաեւ 2015 թվականի Բաքվում տեղի ունեցող Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերին մասնակցել-չմասնակցելու խնդրին. «Ինչպես հիշում եք, Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մասնակցել են Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: Մենք միշտ էլ պատրաստ ենք թիմեր ուղարկել հարեւան երկիր, բայց նման հարցերը որոշվում են պետական մակարդակով: Եթե ՀՀ կառավարությունը, սպորտի նախարարությունը, ազգային օլիմպիական կոմիտեն դեմ չեն լինի, ապա ըմբիշները միանշանակ կմասնակցեն այդ խաղերին»: