Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խախտում մրցավարների կողմից

Սպորտ
fa7145c864d798b7c3be88a545d46fef

«Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը լիարժեք ոսկե մեդալ էր: Խախտում եղավ մրցավարների կողմից: Դա մտածված քայլ էր, որովհետեւ Ռուսաստանը միշտ ձգտում է իրեն վերցնել մեդալների առյուծի բաժինը», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսում այդպես պատճառաբանեց իր սանի պարտությունն աշխարհի առաջնության եզրափակիչում Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Ասուլիսին ներկա գտնվող Արթուր Ալեքսանյանը իր տեսակետն ունի այդ հարցում:
«Ես միանշանակ կհաղթեի մրցակցին, եթե գոտեմարտի վերջին վայրկյաններին լսեի մարզիչներիս եւ փորձեի եւս մեկ միավոր վաստակել: Սակայն մտածում էի, որ հավասար միավորների դեպքում մրցավարներն ինձ են հաղթանակը շնորհելու, ուստի ավելի շատ պաշտպանվում էի, որ հակառակորդս հնարք չկատարի»:

Լեւոն Ջուլֆալակյանը խոսեց նաեւ աշխարհի առաջնության մեր բրոնզե մեդալակիրների սայթաքումների մասին:

«Արսեն Ջուլֆալակյանը տակտիկական սխալ թույլ տվեց Վլասովի հետ մրցամարտում: Ռոման Ամոյանը երկարատեւ ընդմիջումից հետո էր հանդես գալիս եւ հոգեբանական որոշակի խնդիրներ ուներ: Նա շատ լավ սկսեց, պարզապես կորեացի ըմբիշի հետ մարտում զիջեց հավասար պայքարում:

2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանն «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ առանձնազրույցի ժամանակ նշեց, որ չի պատրաստվում ավարտել ելույթները:

«Եթե մեդալ չնվաճեի աշխարհի առաջնությունում, ապա հնարավոր է մտածեի այդ մասին: Սակայն Բուդապեշտում հասկացա, որ դեռ կարող եմ պայքարել մեդալների համար, բացի այդ հաշվի առնելով այն, թե ինչպես վարվեցին իմ հետ 2012 թվականի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերում, ես որոշ մարդկանց ապացուցելու բան ունեմ», - ասաց փորձառու ըմբիշը: