Դավիթ Սաֆարյանը բուժում է վնասվածքը
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտիկ, աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը այս տարի չի մասնակցի որեւէ այլ մրցաշարի:
«Մեր պլանով այս տարի դեռեւս երեք միջազգային մրցաշար ունեն նախատեսած: Դրանց կներգրավենք հիմնականում երիտասարդ ըմբիշներին, որպեսզի միջազգային փորձ ձեռք բերեն: Ինչ վերաբերում է աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանին, ապա նրան հանգիստ ենք տվել, քանի որ նա կողոսկրի վնասվածք ունի եւ լիարժեք ապաքինվելու համար երկար ժամանակ է պետք: Նա հաջորդ տարի կսկսի պատրաստվել Եվրոպայի առաջնությանը», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը:
Վերջերս Բուդապեշտում ավարտված աշխարհի առաջնությունում մեր ազատոճայինների ելույթները հանրապետության գլխավոր մասնագետը գնահատում է լավ:
«Ճիշտ է, մենք միայն մեկ մեդալ նվաճեցինք Բուդապեշտում, բայց քանի որ այն ոսկի է, ուստի ես գոհ եմ թիմի ելույթերից: Միայն չեմպիոն դառնալիս ես հասկանում, թե ինչ մեծ ծավալի աշխատանք ես արել արդյունքի հասնելու համար: Մեդալ կնվաճեր նաեւ Մուսա Մուրթազալիեւը, եթե մրցավարներն ավելի անաչառ լինեին նրա վճռական մարտերի ժամանակ: Վատ հանդես չեկավ նաեւ Արթուր Առաքելյանը, որը 5-րդ տեղը գրավեց եւ միավորներ բերեց թիմին»:
Ինչպես նշեց Արայիկ Բաղդատյանը մեր հավաքականին հաջորդ փորձությունը սպասվում է նոյեմբերին 8-10-ին: Այդ օրերին Մոսկվայում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն երկրագնդի ուժեղագույն 6 հավաքականները, այդ թվում Հայաստանը: