Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է պայքարել
Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն է շարունակում պայքարել չեմպիոնի կոչման համար։
9-րդ տուրում վանաձորցի շախմատիստը հաղթեց բելառուսցի Վլադիսլավ Կովալեւին, վաստակեց 6,5 միավոր եւ բարձրացավ 7-րդ տեղ: Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Վահե Բաղդասարյանն այս տուրում պարտվեց իտալացի Սիմոնե դե Ֆլոմենոյին եւ նահանջեց 55-րդ հորիզոնական:
Այսօր կայանալիք 10-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կմրցի լեհ շախմատիստ Յան-Քրիստոֆ Դուդայի հետ, որը նույնպես 6,5 միավոր ունի:
Աղջիկների առաջնությունում հանդես եկեղ Մարիամ Գեւորգյանը 9 տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ զբաղեցնում է 35-րդ տեղը: Նա արդեն բավական ետ է մնացել մրցաշարի առաջատար Իրինա Բուլմագայից, որն ունի 7,5 միավոր: Մարիամ Գեւորգյանը միայն չորս անընդմեջ հաղթանակ տանելու դեպքում կարող է հավակնել մրցաշարային տեղերին: