«Սարսափի 19 րոպե»
«Սարսափի 19 րոպե»: Գերմանական «Դի Վելտ» թերթն այսպես է վերնագրել չեմպիոնների լիգայի 1-ին տուրի «Նապոլի» - «Բորուսիա» (Դորտմունդ) հանդիպման ռեպորտաժը:
Լրատվամիջոցը կարծում է, որ խաղի ելքը վճռվել է առաջին խաղակեսի վերջին 19 րոպեների ընթացքում: Խաղի 27-րդ րոպեին դորտմունդցիների պաշտպան Նեւեն Սուբոտիչը գլխի վնասվածք է ստանում եւ դուրս է գալիս դաշտից: Երբ ֆուտբոլիստը պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ, չորրորդ մրցավարը որոշ ժամանակ թույլ չի տալիս: Արդյունքում, 29-րդ րոպեին «Նապոլին» անկյունայինից բացում է հաշիվը:
«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոլից հետո սկսում է վիճաբանել չորրորդ մրցավարի հետ, որի համար հեռացվում է պահեստայինների նստարանից:
«Այդ պահին ես կարծում էի, որ ինչ տեղի ունեցավ, անարդարացի է, ուստի փորձեցի ապացուցել այն: Ավաղ, ես հեռացվեցի դաշտից: Խաղից հետո ես ներողություն խնդրեցի իմ ֆուտբոլիստներից եւ մրցավարներից», - բացատրել է 46-ամյա մասնագետը:
Խաղի 45-րդ րոպեին վնասվածք է ստանում նաեւ «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը: Նրան փոխարինում է հարձակվող Օբամեյանգը եւ մինչեւ դորտմունդցիները վերադասավորում են ուժերը պաշտպանության գծում, իտալացիները արագ գրոհ են կազմակերպում, որը չեզոքացնելու ժամանակ «Բորուսիայի» դարպասապահը կարմիր քարտ է ստանում:
«Այսօր մեր բախտը չբերեց: Խաղը այլ ավարտ կունենար, եթե մենք 11 հոգով խաղայինք» - հանդիպումից հետո հայտարարել է Նեւեն Սուբոտիչը:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 76-րդ րոպեին փոխարինվեց, երբ հաշիվն արդեն 2:0 էր: Մեր ֆուտբոլիստը սկզբում խաղում էր ենթահարձակվողի դիրքում, իսկ դարպասապահի հեռացումից հետո տեղափոխվեց կիսապաշտպանության ետին գոտի, որտեղ վաղուց չէր խաղացել:
«Բորուսիան» ի վերջո զիջեց իտալական ակումբին` 1:2, եւ կրեց իր անդրանիկ պարտությունը նոր մրցաշրջանում: