«Սեպտեմբերի 11» Դանիայի համար
Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը ոչ մի կերպ չի մոռանում Հայաստանից 0:4 հաշվով կրած պարտությունը:
«Համեմատությունն այնքան էլ տեղին չէ, սակայն հունիսի 11-ին կրած մեր պարտությունը հիշեցնում է սեպտեմբերի 11-ը (նա նկատի ունի 2001 թ Նյու Յորքում կատարված ահաբեկչությունը- խմբ.): Մենք շատ սխալներ էինք թույլ տալիս այդ խաղում: Հույս ունենք, որ դա չի կրկնվի վաղը: Մենք հաղթանակով պետք է ջնջենք հունիսի 11-ի ամոթալի էջը» - այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսում ասաց 64-ամյա մասնագետը:
Դանիայի հավաքականն արդեն երկու օր է գտնվում է Երեւանում եւ պատրաստվում է սեպտեմբերի 10-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական խաղին: Մորտեն Օլսենը նշեց, որ թիմը լիովին պատրաստ է Հայաստանի հետ խաղին:
«Առաջին խաղի համեմատ կազմում 4-5 փոփոխություններ կլինեն: Մենք մի քանի տարբերակ ենք մշակել եւ պատրաստ են հանդիպման յուրաքանչյուր ընթացքին` կապված Հայաստանը ավելի շատ կհարձակվի, թե` կպաշտպանվի»,-ասաց նա։
Դանիացի մասնագետը հանգիստ է ընդունում նույնիսկ այն փաստը, որ Հայաստանի կազմում բացակայելու է թիմի առաջատար հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Մենք ուշադրություն չենք դարձնում այն փաստին, թե ովքեր են բացակայելու Հայաստանի կազմում, քանի որ կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հաջողությամբ փոխարինել նրանց: Մենք չենք մտածում առանձին ֆուտբոլիստների մասին, այլ կենտրոնանում ենք ընդհանուր խաղի վրա»:
Հիշեցնենք, որ 2014 թ աշխարհի առաջնության Հայաստան - Դանիա ընտրական խաղը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, «Հրազդան» մարզադաշտում, ժամը 20:00-ին: