Ինչպիսի՞ քաղաքական աշուն է սպասվում (տեսանյութ)
Քաղաքական աշունը թեժ է լինելու, կանխատեսում է անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Եթե ամռանը քաղաքացիական ուժերն էին ակտիվ, հիմա նա ակնկալում է քաղաքական ուժերի ակտիվացումը: Արդյո՞ք քաղաքական ակտիվացմանը կնպաստեն նաեւ քննարկվող սահմանադրական փոփոխությունները:
«Քննարկումն այնքան սաղմնային վիճակում է, որ որեւէ բան դեռ պարզ չէ:Զուտ խորհրդարանի դերի բարձրացման առումով կարծում եմ, այո, կա նման անհրաժեշտություն»,-կարծում է Էդմոն Մարուքյանը:
Որքանո՞վ են անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ: ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն կոնկրետ ժամանակաշրջանում որոշակի խնդիրներ է լուծում:
Արփինե Հովհաննիսյան. Ասել, որ սահմանադրությունները դրանք քարացած փաստաթղթեր են, եւ պետք է ընդունվեն ու տարիներ շարունակ չփոփոխվեն, ես այդ տեսակետը չէի կիսի:
Խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս է հանդես եկել սահմանադրական փոփոխությունների պահանջով, սակայն իշխանությունների հետ ընդհանուր հայտարարի գնալ հնարավոր չի եղել:
«Սահմանադրական փոփոխությունների ձեւաչափն այնպիսին կլինի, որ յուրաքանչյուրը` եւ հասարակության ներկայացուցիչները, եւ ընդդիմադիրները բոլորը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց խոսքը եւ ողջամիտ առաջարկներ ներկայացնել»,-վստահ է Արփինե Հովհաննիսյանը: