Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տուգանք՝ «ոչ ավանդական սեռական» քարոզչության համար

Քաղաքականություն
b39c0f166185c62cf3c7385dc6751f93

Ոստիկանությունը առաջարկում  է  տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակվել է  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։  Նախագծում նշվում է, որ քաղաքացիների դեպքում այդ տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկը, պաշտոնատար անձանց պարագայում' մինչև հարյուրհիսնապատիկը, իսկ իրավաբանական անձանց' երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկը:  Տուգանքի չափերը ավելանալու, եթե արարքը կատարվի լրատվամիջոցների   օգտագործմամբ:

 

 

 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ          ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

 

1.       Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

         ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն' ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է: Պետությունն իր հերթին միջոցներ է ձեռնարկում ամուր ընտանիք կազմելուն նպաստելու, ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում՝ բնակարանի, ինչպես նաև իր քաղաքացիների կենսապայմանների բարելավման համար: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առավել քան արդիական է հայ ավանդական ընտանիքի մոդելի պահպանման խնդիրը, քանի որ հենց ավանդական բարոյական արժեքների վրա հիմնված ընտանիքն է հանդիսանում մեր ազգապահպանության հենասյունը: Ինտեգրվելով եվրոպական արժեքներին' մենք, կամա թե ակամա, դարձանք ոչ միայն ժողովրդավարության համամարդկային արժեքների կրողը, այլև միաժամանակ ընդունեցինք հայ ազգային մտածողությանը խորթ երևույթներ: Դրանցից մեկը ոչ ավանդական սեռական հարաբերություններն են, որոնք շատ ժամանակ խրախուսվում են հասարակության կողմից' առանց գիտակցելու տվյալ երևույթի արատավոր և կործանարար ազդեցությունը հայ ընտանիքի կազմավորման, ապագա սերունդների հոգեկերտվածքի ձևավորման, դաստիարակության  և այլ հարցերում: Այս երևույթն առավել վտանգավոր է դառնում այն բոլոր դեպքերում, երբ ոչ միայն խրախուսվում է, այլև' քարոզվում: Քարոզչական տարբեր մեթոդների կիրառումը նպաստում է նրան, որ երևույթն ընկալվում է որպես գովազդ և սկսում է դիտարկվել ինչպես օրինաչափ և բնական յուրաքանչյուր երևույթ: Այնինչ, բացասական երևույթների նմանօրինակ եղանակներով հրապարակայնացումն ու քարոզչությունը չեն կարող խրախուսվել մի պետության կողմից, որը դարերն ի վեր գոյատևել է ավանդական արժեքների, կայուն ընտանիքի պահպանման շնորհիվ: Մեր պետության առջև ծառացած այս արատավոր երևույթը և դրա հետագա տարածումը կանխելու նպատակով' նախապատրաստվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վարչական պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար: Ընդ որում, օրինագիծն առավել խիստ պատասխանատվություն է նախատեսում ոչ ավանդական սեռական հարաբերությունները զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ քարոզելու դեպքում:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար վարչական պատասխանատվության իրավական հիմքը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում վարչական պատասխանատվություն կնախատեսվի ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար, կսահմանվեն նաև տվյալ իրավախախտման կատարման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտների շրջանակը:

 

 ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

: