Քաղաքական հարված Վաշինգտոնին
ԱՄՆ-ի հետախուզության նախկին գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդընը, որին ԱՄՆ-ում մեղադրում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու եւ ԱՄՆ-ի դեմ լրտեսելու մեջ, կիրակի օրը ապաստան է խնդրել Էկվադորի իշխանություններից։ Դրանից առաջ Հոնկոնգը նրան տվել էր այստեղից Ռուսաստան մեկնելու իրավունք, ինչը դիտվում է քաղական մի հարված Վաշինգտոնին։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»։
Օդանավը Մոսկվայում վայրէջք կատարելուց հետո Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պաթինոն հայտարարել է, թե նախարարությունը Սնոուդընից ստացել է ապաստան ստանալու խնդրանքով դիմում։
ԱՄՆ-ի նախագահը շարունակ փորձել է վերականգնել լավ հարաբերությունները Ռուսաստանի ու կառուցել համագործակցության հիմքեր Չինաստանի հետ, սակայն այս երկու երկրների ղեկավարներն էլ այս քայլով հարված են հասցնում Օբամայի հեղինակությանը, ում հետ վերջերս էին հանդիպումներ անցկացրել Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ։
Հիշեցնենք, որ Էդուարդ Սնոուդընը մեղադրվում է ԱՄՆ-ում գաղտնի ծառայությունների կողմից մարդկանց հեռախոսային խոսակցությունների գրանցումների մասին փաստը հրապարակելու մեջ։