Պատգամավորներն էլ հացի փող չե՞ն ունենում (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստանի» խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը կարող է նվազագույն աշխատավարձով ապրել:
«Ոնց որ մնացած ժողովուրդն է ապրում»,- բացատրում է նա։
Նրա աշխատավարձը, սակայն, ավելի բարձր է եւ ինքն, իր բառերով, մի կերպ է հասցնում իր պատգամավորական աշխատավարձով, դեմ չէր լինի, որ 262 հազար դրամին մի քիչ էլ գումար ավելացնեին։ Հանրապետական Համլետ Հարությունյանն ամեն անգամ աշխատավարձն ստանալիս անակընկալի է գալիս. «Քիչ է»։
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վրեժ Մարկոսյանը միայն աշխատավարձի հույսին չէ, մինչեւ Ազգային Ժողով գալը նա հրատարակչական գործունեություն էր ծավալում։
«Դիվիդենտներ եմ ստանում իմ նախկին աշխատավայրից»,-ասում է նա։։
Հանրապետական Կարինե Պողոսյանին ուրախացրել է, որ 10 հազար դրամով ավելացրել են նվազագույն աշխատավարձը, սակայն չի կարող ասել, թե քանի օր մարդը կապրի 45 հազար դրամով.«Կբավարարի եւս միառժամանակ»։
Տիկին Պողոսյանը կոչ է անում առաջընթացը տեսնել, խոսքը մի ամբողջ 10 հազար դրամի մասին է, թող ուրիշներին չթվա, թե ինքը այդքան գումարով չի ապրել։
«Մենք ապրել ենք, նոր ենք եկել, չէ՞ էստեղ։ Սովորական մանկավարժից ենք սկսել»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Պողոսյանը։
Տիկին Պողոսյանը մխիթարվում է նրանով, որ ընտանիքում մի հոգին կարող է նվազագույն աշխատավարձ ստանալ, մյուսները պիտի որ ավելի շատ փող ստանան։
Գալուստ Սահակյանին պատգամավորական աշխատավարձն էլ չի հերիքում լուրջ հանդիպումների ժամանակ արվելիք ծախսերի համար. «Պատգամավորի լիազորությունները մինչեւ վերջ իրագործելու համար բավականին անհրաժեշտ գործիքներ են անհրաժեշտ, որոնց բաղադրիչներից մեկն էլ ֆինանսականն է»,-ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Գալուստ Սահակյանը ոչնչով չի կարող ուրախացնել նվազագույն աշխատավարձի հույսին մնացողներին, դեռ երկար ճանապարհ կա անցնելու, պետք է համբերություն ունենալ
«Ցանկացած եվրոպական պետություն, սկսած Ամերիկայի Միացյալ Նահանգներից, իրենք իրենց անկախության կերտվածքն 80-ից 10 տարվա ընթացքում են կարողացել կենսագործել»,- ասում է Գալուստ Սահակյանը։