Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» կմեկնի Իտալիա

Սպորտ
098017c23eb4310bb8797dcea30b9e69

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի նորեկ Մարտունիի «Ալաշկերտը» արդեն սկսել է պատրաստվել գալիք խաղաշրջանին:

«Թիմը արձակուրդից վերադարձել է հունիսի 7-ին: Այժմ մարզումներ անցկացնում ենք Երեւանում: Հունիսի 25-ից նախատեսել ենք երկշաբաթյա ուսհավաք Հանքավանում: Հուլիսի 13-ին կմեկնենք Իտալիայի Ռիմինի քաղաք, որտեղ կանցկացնենք նույնպես երկշաբաթյա ուսհավաք: Վերադառնալուց հետո տեղում անմիջականորեն կպատրաստվենք առաջնության մեկնարկին»,- «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց «Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը:

Մարտունիի «Ալաշկերտի» սեփականատերն ու նախագահը չնայած այս տարի ձեռք է բերել Երեւանի «Նաիրի» մարզադաշտը, սակայն առաջնության խաղերն ստիպված անցկացնելու է չեզոք դաշտում:
«Նաիրի» մարզադաշտում այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Այն պատրաստ կլինի եկող տարվա սկզբին, իսկ մինչ այդ «Ալաշկերտն» իր տնային խաղերն անցկացնելու է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում»:

«Ալաշկերտը» պատրաստվում է հայտավորել նաեւ դուստր թիմը, որը հանդես է գալու առաջին խմբում: Մեր այն հարցին, թե ինչպես է լուծվելու ֆուտբոլիստների հետ կապված կադրային խնդիրը, Բագրատ Նավոյանը ասաց.

«Անցած առաջնությունին մասնակցած ֆուտբոլիստները հինականում կընդգրկվեն «Ալաշկերտ-2»-ում, իսկ գլխավոր թիմի կազմը կաշխատենք համալրել հանրապետության մյուս թիմերում հանդես եկող խաղացողներով: Այժմ 7-8 ֆուտբոլիստներ ցանկություն ունեն խաղալ մեր թիմում: Սելեկցիոն աշխատանքները կշարունակենք մինչեւ առաջնության մեկնարկը»:

Բարձրագույն խմբի նորեկին, ինքնին, լուրջ փորձություններ են սպասվում առաջիկա խաղաշրջանում, սակայն Բագրատ Նավոյանը թիմի առջեւ բարձր խնդիր է դրել:

«Բնականաբար մեզ համար դժվար է լինելու, քանի որ բոլոր թիմերն արդեն կայացած են եւ բարձրագույն խմբում խաղալու մեծ փորձ ունեն: Սակայն թիմի առջեւ խնդիր է դրված տեղ զբաղեցնել մրցանակային եռյակում» - եզրափակեց Բագրատ Նավոյանը: