Սարգիս Իսրայելյանը հրաժարական տվեց
Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի երկարատեւ նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սարգիս Իսրայելյանը, որը հենց «Բանանց» ՖԱ-ի հիմնադիրն է եւ արդեն 21 տարի է ղեկավարում է այն, նամակով դիմել է թիմի երկրպագուներին:
Այն ներկայացնում ենք կրճատումներով.
Հարգելի ֆուտբոլասերներ, «Բանանց» ֆուտբոլային թիմի երկրպագուներ,
Ավարտվեց եւս մեկ ֆուտբոլային առաջնություն, եւս պատմության մեկ էջ թերթվեց «Բանանց» ֆուտբոլային ակումբի համար: Դժբախտաբար այս մրցաշրջանում թիմը հանդես եկավ շատ ցածր արդյունքներով, թիմը հայտվեց առաջնության ետնամասում: Ունենալով լավ տրադիցիաներով հարուստ պատմություն այսօր ստացվեց այն, ինչ ստացվեց:
«Բանանց» ակումբի պատմությունը սկսվում է 1992 թվականից: Հայաստանը նոր էր ձեռք բերել իր անկախությունը, եւ որոշվեց անցկացնել Հայաստանի ֆուտբոլի անկախ առաջնություն: Ես լինելով աշխարհի ամենատարածված խաղերից մեկի` ֆուտբոլի սիրահար եւ լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի երկրպագու, որոշեցի ներդնել կարողություններս, հնարավորություններս ու միջոցներս ստեղծելու մի թիմ, որտեղ կընդգրկվեին այն ֆուտբոլիստները, որոնք ժամանակին տարբեր պատճառներով չէին ներգրավվել «Արարատ» թիմի կազմի մեջ: 1992 թվականին թիմը ստեղծվեց եւ իմ առաջարկությամբ անվանվեց իմ ծննդավայրի` Բանանց գյուղի անունով: Թիմը նույն տարին դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը եւ ազգային առաջնության բրոնզե մեդալակիրը:
Հետագայում երկրի սոցիալական եւ տնտեսական ծանր վիճակը ազդեց նաեւ «Բանանց» թիմի գործունեության վրա: Կարճատեւ դադարից հետո ի ուրախություն ինձ եւ թիմի երկրպագուների, ակումբը նորից վերածնունդ ապրեց ֆուտբոլի աշխարհում հայտնի հայրենասեր բարերար հովանավորի շնորհիվ: Ես շատ շնորհակալ եմ նրան, որ վստահեց ինձ համագործակցել եւ շարունակել ղեկավարել ակումբը: Իմ միակ խնդրանքը եղել է այն, որ պահպանվի ակումբի անունը:
Ոգեւորվելով փոփոխություններով, նոր ծրագրերով ակումբը իր առաջ դրեց ի կատար ածել ամենաբարձր նպատակներ եւ այդ պատճառով բոլոր մակարդակներով ձգտեց բարձր պրոֆեսիոնալիզմի: Բնորոշ ցուցանիշներ կարող են համարվել առաջնություններում թիմի գրաված բարձր տեղերը եւ այժմյան ստեղծված ենթակառույցների առկայությունը, որտեղ կարող են ներգրավվել եւ ֆուտբոլով զբաղվել տարբեր տարիքի 600 երեխաներ: 2012 թ ակումբը ստեղծել է իր մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիան:
Լինելով ակումբի նախագահը աշխատել եմ պահպանել ակումբի ավանդույթները: Ակումբի ձեռք բերած այս հաջողությունների ֆոնի վրա աններելի եմ համարում այս տարվա ֆուտբոլի բարձրագույն խմբերի առաջնությունում «Բանանց» թիմի անհաջող ելույթները: Ես չեմ ուզում այստեղ նշել որեւէ մեկի սխալը, աշխատանքում եղած թերությունները: Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք: Այս ամենից ելնելով, հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա եւ պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից: Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին եվ ակումբի աշխատակազմին:
Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլասերներից, «Բանանց» թիմի երկրպագուներից, այսօրվա անհաջողությունների համար:
Շնորհակալություն եւ ցտեսություն:
Հարգանքով Սարգիս Իսրայելյան