Հայ-ֆրանսիական կազմով
Հայաստանի մինչեւ 19 տարեկան հանդբոլիստուհիների հավաքականը ներկայումս գտնվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիենայի մոտ գտնվող Թուլն փոքրիկ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան վաղը մեր մարզուհիները իրենց անդրանիկ հանդիպումն են անցկացնելու Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում:
Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական 5-րդ խմբում: Առաջին խաղում մերոնց մրցակիցը կլինեն տանտիրուհիները` Ավստրիայի հանդբոլիստուհիները: Մայիսի 18-ին նրանք ուժերը կչափեն Հոլանդիայի թիմի հետ, իսկ մրցաշարը կավարտեն ամսի 19-ին Բուլղարիայի հետ կայանալիք հանդիպումով:
Հայաստանի հավաքականը այդ ստուգատեսին նախապատրաստվում է անցած տարվա նոյեմբերից: Մեր թիմը անցած ամիս Թբիլիսիում ստուգողական հանդիպումներ է անցկացրել Վրաստանի 4 լավագույն թիմերի հետ եւ բոլոր խաղերում էլ հաղթանակ է տարել:
Հավաքականի մարզիչներ Աստղիկ Գյուրջինյանը եւ Անահիտ Հարությունյանը թիմ են հրավիրել 14 հոգի, որոնցից երեքը Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակցուհիներն են: Հայաստանի հավաքականը երեկ մեկ մարզում է անցկացրել, ինչպես նաեւ այցելել է քաղաքի տեսարժան վայրեր: