ՀԱՅԵՐԸ ԱՊԱՀՈՎ ՉԵՆ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՉ ԷԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ
Աջակցիր «Ա1+»-ին
ՀՀ իշխանությունից դժգոհելու եւս մեկ առիթ առաջացավ վերջերս, երբ Բեսլանի ողբերգությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բեսլանը եւ Ղարաբաղի արդար պայքարը նույն հարթության մեջ դրեց»: Սա ասելով, ընդդիմադիր պատգամավոր Շավարշ Քոչարյանը՝ ԱԺ հայտարարությունների ժամին փորձում էր ապացուցել ՀՀ գործող իշխանությունների հակաազգային քաղաքականությունը:
Պատգամավորը նաեւ անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ Հայաստանը պատրաստվում է զինվորների 50 հոգանոց խումբ ուղարկել Իրաք: Ըստ Շավարշ Քոչարյանի, այդ քայլով մենք ոչ մի խնդիր չեն լուծի, փոխարենը. «Իրաք ուղարկելով մենք ավելի ենք վտանգում մեր ապագան»:
Տվյալ դեպքում կվտանգվեն ոչ միայն Հայաստանի հայերը, այլեւ Իրաքում բնակվող հայկական համայնքը: Ինչ վերաբերում է Հայաստանում բնակվող հայերին, ապա նրանց իրավունքներն, ըստ ընդդիմադիր պատգամավորների, նույնիսկ դատական համակարգը չի ապահովում:
Իբրեւ ապացույց ներկայացվեց այն փաստը, որ ապրիլին Կարեն Դեմիրճյանի թանգարանը քանդած ու թալանած անձինք այդպես էլ չեն պատժվել:
Պատգամավոր Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ ՀԺԿ-ն՝ մեղավորներին պատժելու նպատակով հայցով դիմել էր դատախազություն, որն այդպես էլ գործ չհարուցեց: Դրանից հետո ՀԺԿ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ դատախազի անգործության: Հայցն այդպես էլ չի բավարարվել: