Այսօր կավարտվի Եվրոպայի առաջնությունը
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում մեր շախմատիստները հիմնականում կպայքարեն աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրերի համար:
Մրցանակային տեղերին հավակնող Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը նախավերջին 10-րդ տուրում ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար չեխ Զբինեկ Հրաչեկի եւ ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ նրանք 7-ական միավորով բաժանում են 4-26-րդ տեղերը:
Սերգեյ Մովսեսյանը դեռեւս կարող է մեդալ նվաճել, սակայն դրա համար հարկավոր է, որ նա այսօր կայանալիք վերջին պարտիայում հաղթի ադրբեջանցի Նիջաթ Մամեդովին, իսկ իրենից առաջ գտնվող 12 շախմատիստները պարտվեն կամ նվազագույնը ոչ-ոքի խաղան, ինչը իրատեսական չէ:
Սակայն մեր շախմատիստները շարունակում են պայքարել այս տարվա աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերի համար: Բոլորից լավ հնարավորություն ունեն Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը:
Տեսականորեն այդ ուղեգրերին հավակնում են նաեւ 6,5-ական միավոր ունեցող Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Ռոբերտ Աղասարյանը, սակայն նրանք պետք է հաղթեն վերջին տուրում, իսկ առջեւից ընթացող մրցակիցները` պարտվեն: