Քոչարյանի որդին՝ խոշոր հողատեր
Ըստ համայնքապետ Կիրակոս Սաղաթելյանի «Հետքին» տված տեղեկանքի` Տալվորիկի խոշոր հողատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին է` Սեդրակ Քոչարյանը: Նա ունի 242 հա հողակտոր, որի մի մասը խաղողի այգի է, իսկ մյուս մասը` ծիրանի, դեղձի, սալորի այգիներ:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հետքին» տեղեկացրեց, որ Քոչարյանների ընտանիքից միայն Սեդրակ Քոչարյանը հողակտոր ունի Արմավիրի մարզում:
«Արմավիրի մարզի նախկին Բաղրամյանի շրջանում որպես սեփականություն, իրոք, Սեդրակ Քոչարյանին պատկանում է շուրջ 260 հա հողատարածք, որը ձեռք է բերվել երկրորդական շուկայից 2008թ. աշնանը: Այն գնվել է մասնավոր անձից այդ պահի շուկայական գնով: Ձեռք բերված հողատարածքն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով: Մինչ 2008թ. աշունը չմշակվող այդ տարածքի մի մասում հիմնվել է պտղատու այգի, աճեցվում է խաղող»,- ասում է Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ պաշտոնավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն քաջալերել է ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում` Արմավիրի մարզի Բաղրամյանի նախկին շրջանում, որտեղ գյուղատնտեսությունը թերզարգացած էր, եւ մեծ քանակությամբ հողատարածքներ տարիներ շարունակ չեն մշակվել:
«Բազմաթիվ հայ գործարարներ, անսալով նախագահի հորդորներին, հողակտորներ են ձեռք բերել այդ շրջանում եւ տնտեսություններ հիմնել»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Կիրակոս Սաղաթելյանն էլ նշեց, որ չգիտի, թե ինչ գնով է Սեդրակ Քոչարյանը ձեռք բերել հողակտորը, սակայն իր հիշելով՝ այդ տարիներին, կախված հողակտորի մեծությունից, 1 հա-ի շուկայական արժեքը եղել է 700 հազար դրամից մինչեւ 3000 դոլար:
Տալվորիկցիները նշում էին, որ գյուղացիները հողը վաճառել են Սեդրակ Քոչարյանին, քանի որ ժամանակին այդ տարածքում ոռոգման ջուր չի եղել, եւ կառավարությունը հետաքրքրված չի եղել այդ խնդրով: Հողը գնելուց հետո Սեդրակ Քոչարյանն անցկացրել է ոռոգման համակարգ եւ ոռոգում է իր այգիները:
Նշենք, որ Սեդրակ Քոչարյանի հողատարածքի մի մասն անմշակ է:
Ըստ համայնքապետի` գյուղում երկրորդ խոշոր հողատերը Իջեւանի գինու գործարանի եւ «Բաղրամյանի ալրաղաց գործարանի» սեփականատեր Էմին Եղիազարյանն է: Նա ունի 198 հա հողատարածք, որից 64 հա-ը խաղողի այգի է: Է. Եղիազարյանը տարածքը գնել է անհատներից:
Հաջորդը Նորիկ Պետրոսյանն է: Գյուղացիներն ասում են, որ նա ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի ազգականն է: Ն. Պետրոսյանին է պատկանում 118 հա հողատարածք: Դրանից միայն 10 հա-ն է գնել մասնավորից, իսկ 108 հա-ը ձեռք է բերել աճուրդով` 1 հա-ը 582 հազար 500 դրամով:
Պատգամավոր, «ՄԱՊ» գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոսյանը եւս խոշոր հողատեր է Տալվորիկում: Նրան է պատկանում 102 հա հողատարածք, որից 98 հա-ը խաղողի այգիներ են, իսկ 4 հա-ը` նռան: Պատգամավորը հողատարածքը ձեռք է բերել մասնավոր անձից:
Մեկ այլ պատգամավոր` Գուրգեն Արսենյանը, նույնպես գյուղում խոշոր հողատերերից է: Նա ունի 84 հա հողատարածք, որից 8 հա-ի վրա առվույտ է ցանված:
«Եթեր» շաբաթաթերթի խմբագիր Գոռ Ղազարյանին է պատկանում 53 հա հողատարածք, որից 7 հա-ը ծիրանի այգի է: Նա 43 հա ձեռք է բերել աճուրդով` 1 հա-ը 33 հազար 500 դրամով, մյուս մասը` մասնավոր անձից:
Խոշոր հողատերերի ցանկում նշված է նաեւ Արտակ Սարգսյան անուն-ազգանունով մի քաղաքացի: Տալվորիկցիներն ասում են, որ նա ԱԺ պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանն է: Սակայն այս լուրը ճշտել չհաջողվեց: Արտակ Սարգսյանը հողակտորները ձեռք է բերել մասնավոր անձից` շուրջ 27 հա, որից 15 հա խաղողի այգի է:
Տալվորիկում այլ խոշոր հողատերեր էլ կան, որոնք հանրությանն այնքան էլ ծանոթ չեն:
Hetq.am