Պատգամավորները բարկացրին Հովիկ Աբրահամյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ նիստում, երբ խորհրդարանի նախագահը հայտարարեց հերթական հարցի անունը՝ ՕԵԿ-ի ներկայացրած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխոթյունները, ԲՀԿ եւ ՀՀԿ պատգամավորները արագ սկսեցին լքել նիստերի դահլիճը: Մինչ այդ խորհրդարանը քվեարկել էր նախորդ օրերին ներկայացված եւ քննարկված մի շարք հարցեր:
Այս հանգամանքը վիրավորեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Տարրական կուլտուրա ունեցեք, երբ ԱԺ նախագահը խոսում է, համբերեք, լսեք: Հիշեցնեմ գործընկերներիս, որոնք միջանցքով քայլում են, պարտավոր են մասնակցել ԱԺ նիստերին ու հարգեն իրենց գործընկերներին: Սրանից հետո ամեն նիստին երեք անգամ ներկա-բացակա ենք անելու, եւ կխնդրեմ ԶԼՄ-երին, որ հրապարակեն ներկա եւբացակա պատգամավորների ցանկը, որպեսզի այլեւս նման պատգամավորների մեր ժողովուրդը չգործուղի ԱԺ»:
Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը վրդովված հայտարարեց, որ սրանից հետո բոլոր հարցերը կքննարկեն ու նոր միայն կքվեարկեն. «Թե չէ ստացվում է՝ ԱԺ են գալիս միայն քվեարկությանը մասնակցելու համար»:
Մինչ այդ, քվեարկության ժամանակ «Այլընտրանքային զինծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք չեն քվեարկելու:
Իսկ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկությանը, որը բուռն քննարկում ունեցավ ԱԺ-ում, տեղի ունեցավ կրկնաքվեարկություն: ՀՀԿ պատգամավորների մասը քվերակությունենրի ժամանակ պարբերաբար վերեւ էին նայում՝ հետեւելով լրագրողների աշխատանքին՝ արդյոք նրանք հետեւում են իրենց:
Այդ ընթացքում ՀՀԿ պատգամավոր Աշոտ Արսենյանը քվեարկեց նաեւ իր կողքի՝ բացակա գործընկերոջ փոխարեն: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը անմիջապես արձագանքեց, որ թեեւ ՀՀԿ պատգամավորների վերջին շարքում երկու բացակա կա, սակայն քվեարկությունը լիարժեք տեղի ունեցավ: Հովիկ Աբրահամյանը նախագիծը նորից դրեց քվեարկության ու այս անգամ ՀՀԿ պատգամավորները խուսափեցին ուրիշի փոխարեն քվեարկելուց, իսկ լուսատախտակին քվեարկության արդյունքներն այլ եղան: