Խոստանում են, որ ԲՀԿ-ի պես չեն աշխատի
Կրթության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, որոնք շուտափույթ լուծում են պահանջում: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը կրթության ոլորտի բացերը վերացնելու համար տարբեր մոտեցում ունեն:
«Մեդիա կենտրոնի» քննարկմանը թեկնածուները մի հարցի շուրջ համակարծիք են` ոլորտի փոփոխությունները պետք է սկսել մանկապարտեզից:
Իր ծրագրում ՀՅԴ-ն խոստանում է մեծացնել մանկապարտեզների թիվը, ավելացնել ներառական դպրոցները, թեքահարթակներ ստեղծել:
«161 մանկապարտեզ է գործում, որտեղ ընդամենը 31 տոկոսը ներգրավվածություն կա: Բա ու՞ր մնաց 70 տոկոսը»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արտակ Աղբալյանը:
Նրա կարծիքով կրթության ոլորտի բոլոր խնդիրները գալիս են քաղաքականացվածությունից:
Ըստ ՀՅԴ ներկայացուցչի` բոլոր խնդիրները կկարգավորվեն, եթե կրթության ոլորտը ապաքաղաքականացված լինի:
«Ընտրությունների ժամանակ կրթության ոլորտը դառնում է քաղաքական: Բոլոր ուսուցիչները և դպրոցների տնօրենները ներգրավված են այս գործընթացում: Կրթական համակարգը վերից վար քաղաքականացված է և օգտագործվում է իշխող կուսակցության կողմից»,- ասաց Արտակ Աղբալյանը: ԲՀԿ -ն կարևորում է հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը, որն ըստ ԲՀԿ ներկայացուցիչ Թամարա Պողոսյանի` կարգավորված չէ, որն էլ հանգեցնում է նրան, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիարժեք անդամ իրենց չեն զգում:
«Քաղաքապետարանը հայտարարում է, որ Երևանում այլևս չվերանորոգված դպրոցներ չպետք է լինեն: Մենք հուսով ենք, որ քաղաքապետարանը հաշվի կառնի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կրթությունը»,- ասաց ԲՀԿ ներկայացուցիչը:
Անահիտ Բախշյանը կրթության ոլորտում բազմաթիվ բացեր է արձանագրել: Դրանցից մեկն էլ այն է, որ այս ոլորտում Քաղաքապետարանն իրեն է վերագրել մի շարք պարտավորություններ, որոնք ԿԳՆ գործառույթը պետք է լինի: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի գործունեությանը, տիկին Բախշյանը փաստում է` սա ամենափակ կառույցներից մեկն է:
«Բարեւ Երևան» դաշինքը հստակ ծրագիր ունի` ավագանու նիստերը պետք է ուղիղ հեռարձակվեն, որպեսզի հասարակությունը տեսնի, թե որ ուժը ինչպես է աշխատում, և հավելում է. « Եթե մենք ընտրվենք, ԲՀԿ-ի նման չենք աշխատելու` ՀՀԿ-ի հետ ձեռք-ձեռքի տված»: