Փոփոխություն քաղաքակա՞ն նպատակով
Ցանկացած ֆուտբոլային թիմ, ինքնին, նախընտրում է հանդես գալ սեփական դաշտում, քանի որ, ինչպես ասում են, տանը անգամ պատերն են օգնում:
Սակայն Հայաստանի 1-ին խմբի մասնակից «Բանանց-2» եւ «Իմպուլս-2» թիմերին այդ հարցն այնքան էլ չի հետաքրքում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի որոշմամբ ապրիլի 28-ին նշանակված «Բանանց-2» - «Փյունիկ-2» հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին, ժամը 15:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, որտեղ իր հանդիպումներն են անցկացնում ... փյունիկցիները:
Ըստ մեր ունեցած լուրերի, խաղի օրն ու վայրը փոխվել է այն պատճառով, քանի որ ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունենալու նորակառույց մարզադաշտի պաշտոնական բացման արարողությունը (այդտեղ արդեն խաղեր են անցկացրել «Փյունիկն» ու «Ուլիսը»), որին հավանաբար մասնակցելու է քարոզարշավ անցկացնող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Իսկ ապրիլի 28-ին նշանակված «Իմպուլս-2» - «Ալաշկերտ» հանդիպումը կայանալու Երեւանի «Նաիրի» մարզադաշտում, որտեղ իր մրցակիցներին ընդունում է հենց Մարտունին ներկայացնող ակումբը:
Դիլիջանյան ակումբի մամուլի ծառայությունից այդ առթիվ ասացին, որ Արարատի «Այգ» մարզադաշտը, որտեղ անցկացնում են իրենց տնային խաղերը, դեռ լիովին պատրաստ չէ, իսկ «Ալաշկերտը» առաջարկել է այն անցկացնել իր հարկի տակ, քանի որ այդ խաղից հետո «Նաիրի» մարզադաշտը փակվելու է վերանորոգման համար: