«Մի ծաղկով գարուն չի գա»
Անցած շաբաթ Հայաստանում էր ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ, գերմանացի մասնագետ Էրիխ Ռուտեմյոլլերը: Նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ ապագայում Հայաստանը կարող է ունենալ ավելի լավ ֆուտբոլ եւ հասնել ավելի լավ արդյունքների:
«Տեսնելով ֆուտբոլի ակադեմիայի այս ֆանտաստիկ կառույցը` ես կարող եմ ասել, որ այստեղ ուղղակի իդեալական պայմաններ են մարզվելու, ֆուտբոլ խաղալու համար: Ունենալով այսպիսի ենթակառուցվածքներ` դուք կարող եք զարգացնել ձեր ֆուտբոլը, բարելավել ակումբային ֆուտբոլի, մարզչական կրթության, մրցավարության մակարդակը, զբաղվել նոր տաղանդների բացահայտմամբ» - ասել է 68-ամյա մարզիչը:
Սակայն, ինչպես ասում են՝ «Մի ծաղկով գարուն չի գալիս»: Էրիխ Ռուտեմյոլլերը ըստ էության պատկերացում չունի հայկական ֆուտբոլի մասին:
Հայտնի է, որ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող 8 ակումբներից ոչ մեկը չունի ակադեմիայի նման ժամանակակից մարզաբազա` իդեալական պայմաններում մարզվելու համար: Նրանցից միայն «Միկա» ակումբն է սեփական մարզադաշտ կառուցել եւ ֆուտբոլ է խաղում իդեալական պայմաններում («Բանանցը» հանդես է գալիս իր մարզադպրոցի գլխավոր խաղադաշտում, որը լիարժեք չի կարող փոխարինել նորմալ մարզադաշտին): Մյուսները կախված են վարձակալվող մարզադաշտերի սեփականատերերի քմահաճույքներից:
Մեր ակումբները չունեն հովանավորներ, ֆինանսական մեծ միջոցներ ֆուտբոլային ենթակառուցվածքները ընդլայնելու համար: Դրանք հիմնականում գոյատեւում են անհատների ներդրումների հաշվին, եւ եթե վերջինները հիասթափվում կամ սնանկանում են, ապա ֆուտբոլային ակումբն անմիջապես փակվում է եւ դադարեցնում գործունեությունը:
ՀՀ կառավարության կողմից սպորտին հատկացվող գումարից ֆուտբոլի համար մասբաժին չի արվում: