Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստ թիմից եւ …

Սպորտ
7e7f7c27bed727469d47895265db572a

Երուսաղեմի «Բեյթարի» ֆուտբոլիստներ Զաուր Սադաեւը եւ Ջաբրաիլ Կադաեւը գաղտնի վերադարձել են Ռուսաստան:

Ինչպես տեղեկացնում է իսրայելական ZMAN թերթը, չեչեն խաղացողները այդ մասին տեղյակ չեն պահել ոչ ակումբի ղեկավարությանը, ոչ էլ մարզիչներին:

«Բեյթարի» տնօրենն այդ կապակցությամբ ասել է, որ ֆուտբոլիստները մեկնել են Չեչնիա, հարազատների կարոտն առնելու համար, եւ որ մեկ շաբաթ անց վերդառնալու են Երուսաղեմ: Սակայն տեղի ԶԼՄ-ները կարծում են, որ նրանք հեռացել են «Բեյթարի» երկրպագուների պատճառով, որոնք բոլոր մարզումների եւ խաղերի ժամանակ ռասսայական ռեպլիկներ են անում նրանց հասցեին:

Իսկ ահա հունական ԱԵԿ-ի ֆուտբոլիստները առաջնության խաղի ժամանակ պարզապես փախուստի են դիմել, որպեսզի ծեծի չենթարկվեն թիմի երկրպագուների կողմից:

Աթենքյան ակումբը ներկայումս պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար: Նախավերջին 29-րդ տուրում ԱԵԿ-ը սեփական դաշտում հանդիպել է իր գլխավոր մրցակիցներից մեկի` «Պանֆրակիկոսի» հետ:

Խաղի 87-րդ րոպեին, երբ հյուրերը առաջ են անցել հաշվի մեջ, ընդ որում ինքնագոլի հեղինակ է դարձել ԱԵԿ-ի պաշտպանը, դաշտի տերերի ծայրահեղական երկրպագուները մտել են խաղադաշտ եւ փորձել ծեծել ֆուտբոլիստներին` անկախ ակումբային պատկանելիությունից: Բարեբախտաբար, երկու թիմերի խաղացողները արագ հեռացել են հանդերձարան եւ փրկվել զայրացած երկրպագուների պատժից: