«Եթե դա է իմ ամենամեծ մեղքը...»
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, անդրադառնալով «Մարդու իրավունքների պաշտպանի 2011թ. զեկույցին, նշեց, որ այնտեղ ոչինչ չկա ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի՝ քաղբանտարկյալ լինելու փաստի մասին:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ միջազգային տարբեր զեկույցներում, մասնավորապես Human rights watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում Տիգրան Առաքելյանը համարվել է տարվա քաղբատարկյալ. «Եթե անտեսում ենք այս հանգամանքը, սա լարում է ՀՀ-ում ու նրա շուրջ մթնոլորտը: Մենք նվազագույնը 150 անգամ բողոքի ակցիա ենք անցկացրել Գխավոր դատախազության մոտ, եւ մեր բազմաթիվ դիմումներն անպատասխան են մնացել: Այս խնդիրը ոչ թե իրավական, այլ քաղաքական է»:
Ըստ նրա՝ ՄԻՊ-ն այսօր խորքային խնդիրներ ունի ու նրա քայլերը ղեկավարվում են լրիվ այլ վայրից. «Հասկացեք՝ մենք չենք կարող դահլիճը տաքացնելով` դրսի եղանակը փոխել: Եվ, ի վերջո, այն երկրում, որտեղ արտագաղթ կա, ՄԻՊ գնահատականն արդեն տրված է եւ այս զեկույցն այսօր եղանակ չի փոխում»:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն իրենց խմբակցության անունից ելույթ ունեցավ՝ նշելով, որ եթե իր տեսակետը խորհրդարանը չի կիսում, ուղղակի թող լսեն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն, արձագանքելով նրան, պատասխանեց. «Եկեք տեղերով չփոխվենք. ես եմ նիստը վարող ու ես եմ որոշում, թե ինչպես պետք է այն անցնի»:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պատասխանելով պատգամավորների հնչեցրած մտահոգություններին ու հարցադրումներին, մասնավորապես անդրադարձավ Տիգրան Առաքելյանի քրեական գործին՝ նշելով. «Ես չեմ կարողացել անդրադառնալ դրան, քանի որ այն գտնվում էր դատական վարույթում ու չէր կարող լինել իմ քննարկման առարկան. դա Սահմանադրության խախտում կլիներ նաեւ: Հանուն այդ րոպեի արդարության ես չեմ կարող օրենք խախտել, քանի որ ես բացառապես առաջնորդվում եմ օրենքով եւ չեմ կարող կանխավ հայտարարություններ անել: Եթե դա է իմ ամենամեծ մեղքը, այո, թող այդպես լինի. եթե ապօրինությամբ պետք է պաշտպանեմ մարդու իրավունքը, ես դա չեմ անի»: