Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու պարտվեց Հայաստանի հավաքականը

Սպորտ
4a001bcd416c39c719a4a6cc8c77f504

Արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական խաղում Երեւանում խոշոր հաշվով պարտվեց Չեխիայի ազգային թիմին (0:3):

Որոշ լրատվամիջոցներ դեռ շարունակում են փնտրել այդ անհաջողության պատճառները, սակայն` ապարդյուն: Դա տրամաբանական է, քանի որ հենց հավաքականի թիվ մեկ պատասխանատուն` գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, իր հետխաղյա մամուլի ասուլիսում տարօրինակ պատճառներ է գտել (առաջին գոլը մրցակիցն է խփել, չեխերն այս անգամ ուրիշ տակտիկայով էին խաղում):

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով հավաքականի պարտության մեջ Վարդան Մինասյանը մեղավոր չէ: Բնականաբար հարց է ծագում, իսկ ով կամ ովքեր են մեղավոր:
Այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ Վարդան Մինասյանը լուրջ բացթողում է արել չեխերի հետ խաղից առաջ: Ինչպես հայտնի է, հանդիպումը կայացել է մարտի 26-ին: Հայաստանի հավաքականը իր ուսհավաքը սկսել է մարտի 19-ին: Փաստորեն, մեր ֆուտբոլիստները մինչեւ խաղը 7 օր շարունակ սպասման վիճակում են եղել: Գաղտնիք չէ, որքան մարզիկը երկար է սպասում մի բանի, այնքան հոգնում է թե հոգեպես, թե ֆիզիկապես, վերջին հաշվով պարզապես ձանձրանում է:
Զարմանալի չէ, որ մեր հավաքականի ղեկավարները այդ ընթացքում որոշեցին որոշ չափով «ցրել» ֆուտբոլիստների ձանձրույթը, կազմակերպեցին հանդիպում ուսանողների հետ, ստուգողական խաղ երիտասարդական հավաքականի հետ, իսկ Յուրա Մովսիսյանը բարեգործական նպատակներով այցելեց Գյումրիի պատանի ֆուտբոլիստներին:

Իրականում խաղին մարտականորեն պատրաստվելու համար պրոֆեսիոնալ թիմերին բավական է լինում 4 օրը. առաջին օրը թիմը հավաքվում է, 2-3-րդ օրերին հագեցած մարզումներ է անցկացնում, 4-րդ օրը վերջնականապես ընտրում է առաջիկա խաղի տակտիկան: Դրանից հետո մնում է խաղի օրը խաղադաշտում ի կատար ածել գլխավոր մարզչի տված առաջադրանքները:

Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի ղեկավարությունը այսուհետ հաշվի կառնի բոլոր մանրուքները եւ ավելի լավ կպատրաստի թիմին կարեւորագույն խաղերին: