Ուժեղագույնները հայտնի են
Սպորտային մարմնամարզության Հայաստանի 2013 թ առաջնությունում բացարձակ չեմպիոն են հռչակվել` կանանցից Անահիտ Թադեւոսյանը, տղամարդկանցից` Արթուր Դավթյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար Անի Թունյանը եւ Սերոբ Սողոմոնյանը, իսկ բրոնզե` Արփինե Թադեւոսյանը եւ Վահան Վարդանյանը:
Տղաները մրցել են նաեւ 6 գործիքների վրա: Ազատ վարժությունում, հենացատկում եւ պտտաձողի վրա հաղթել է Արթուր Դավթյանը, նժույգ թափերում` Վահագն Ստեփանյանը, օղակների վրա` Վահագն Դավթյանը, զուգափայտերի վրա՝ Սերոբ Սողոմոնյանը:
Կանանց առանձին մրցաձեւերում չեմպիոն են դարձել Անահիտ Թադեւոսյանը (հենացատկ, հավասարակշռության գերան, զուգափայտ) եւ Անի Թունյանը (ազատ վարժություններ): Առաջնության գլխավոր մրցավարն է եղել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 60 մարզիկ-մարզուհիներ Երեւանից, Գյումրիից եւ Էջմիածնից: Մրցաշարի արդյունքների հիման վրա կձեւավորվի սպորտային մարմնամարզության Հայաստանի մեծահասակների հավաքականը, որը ապրիլին կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: