«Յուրան շատ արագ կհարմարվի «Սպարտակում»
«Մի կողմից շատ ուրախ եմ, որ մեր թիմում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի անդամներից մեկը, հատկապես այնպիսի մակարդակի, ինչպիսին Յուրա Մովսիսյանն է: Բայց հաշվի առնելով այն, որ մենք հայրենակիցներ ենք, դա լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում: Նա գիտի, որ ես ավելի պահանջկոտ եմ վերաբերվելու իրեն» - ասել է Մոսկվայի «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովը:
52-ամյա մասնագետը կարծում է, որ Յուրա Մովսիսյանը հեշտությամբ կմերվի նոր թիմում:
«Այն բանից հետո, երբ Յուրան հայտնվեց «Սպարտակում», ես ամեն ինչ անում եմ, որ նա իրեն լավ զգա թիմում, խնդիրներ չունենա կենցաղային հարցերում: Սակայն Յուրան բավականին շփվող անձնավորություն է եւ հաղորդակցվում է եւ ռուս, եւ օտարազգի խաղընկերների հետ: Կարծում եմ, նա շատ արագ կհարմարվի «Սպարտակում» - նշել է Միխայիլ Վարդապետովը:
Հավելենք, որ Յուրա Մովսիսյանը իր նոր թիմի կազմում անցկացրել է 3 ոչ լիարժեք խաղ եւ դարձել է 4 գոլի հեղինակ: