Կարեն Հ. Գրիգորյանը պարտվեց
Հայաստանի շախմատիստները մի փոքր թուլացրին իրենց վերցրած տեմպը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում :
Երեկ կայացած 7-րդ տուրում մրցաշարի առաջատար Կարեն Հ. Գրիգորյանը առաջին պարտությունը կրեց` սեւերով զիջելով վրացի Դավիդ Ջուջուային: Չնայած անհաջողությանը, նա 5,5 միավորով շարունակում է գրավել առաջին տեղը:
Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, սպիտակներով ոչ-ոքի խաղաց Ֆրանսիան ներկայացնող Անդրեյ Իստրատեսկուի հետ: Նա այժմ 5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը սպիտակներով կմրցի հնդիկ վարպետ Կորի Ասարջայի հետ: Սամվել Տեր-Սահակյանը սեւերով կխաղա ֆրանսիացի Կենտին Լոսոյի հետ:
Նշենք, որ մեր երկու շախմատիստները, ինչպես նաեւ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Եվգենյա Դոլուխանովան, Նելլի Աղինյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը կմասնակցեն առաջիկա շաբաթ օրը ֆրանսիական Կապել լե Գրանդ քաղաքում մեկնարկող միջազգային խոշոր մրցաշարում: