Բյուջեով հնարավոր չէ պահել մարզաձեւը
Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ բյուջեով հատկացող ֆինանսներով հնարավոր չէ հաջողությունների հասնել:
«Ֆեդերացիային աջակցության կարգով հատկացվող ֆինանսներն այս տարի էլ չեն ավելացվել, մնացել են նույնը` 18 մլն դրամ: Դրանով մարզաձեւը ոչ միայն հնարավոր չէ զարգացնել, այլեւ` պահել: Միջազգային մրցասպարեզներում հաջողությունների հասնելու համար հզոր հովանավորներ են անհրաժեշտ» ,- հայտարարել է Սարգիս Գրիգորյանը, որը ներկա է եղել վերջերս Իսպանիայում կայացած հանդբոլի աշխարհի առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀՖ-ի կայքը, հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Հասան Մուստաֆան մի շարք երկրների առաջարկել է աջակցել Հայաստանին` մարզիչներին, մրցավարներին, տեսուչներին միջազգային սեմինարներին ընդգրկելու հարցում: Այսպես, Դանիայի հանդբոլի ֆեդերացիայի նախագահն հայտարարել է, որ պատրաստ են Հայաստանի մրցավարներին վստահել երկրի առաջնության հանդիպումների սպասարկումը` փորձ ձեռք բերելու եւ կատարելագործվելու համար:
Սարգիս Գրիգորյանը ասել է, որ չնայած ֆինանսական խնդիրներին, ֆեդերացիան այս տարի կանցկացնի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնություններ, իսկ մեր երկրի ներկայացուցիչները կարողությունները կփորձեն հանդբոլի Եվրոպական առաջնության խմբային մրցաշարերում: