Կսկսվի «վայ քոռանամ ես»-ի շրջանը
«Նախընտրական քարոզարշավը անցավ դասական սցենարով և նույնիսկ այնպիսի ֆորսմաժորը, ինչպիսին թեկնածուներից մեկի` Պարույր Հայրիկյանի դեմ ուղղված կրակոցներն էին, առանձնապես ոչինչ չփոխեց», - քարոզարշավի ընթացքը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպես գնահատեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը գտնում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը այս ընտրություններում չունի լուրջ մրցակից և միակ ֆավորիտն է:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի համար լուրջ մրցակից կարող էր հանդիսանալ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջինս չառաջադրեց իր թեկնածությունը:
Իսկանդարյանի կարծիքով Սերժ Սարգսյանի առաջատարը լինելու փաստը պարզ էր դեռ խորհրդարանական ընտրություններից,որտեղ ամենամեծ թվով մանդատները ստացան հանրապետականները:
Սերժ Սարգսյանին մրցակցող թեկնածուներին քաղաքագետը բաժանեց երկու խմբի: Առաջին խմբում են Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը. «Այս 2 թեկնածուները ունեն թիմ, քիչ թե շատ ծրագիր, ֆինանսական միջոցներ, իսկ մնացածը, որոնց ես նշում եմ 2-րդ խմբում, ներկայանալու համար ոչինչ չունեն,նրանց ձեռքբերումը միայն նրանում է, որ նրանց ճանաչեցին հանրապետությունում»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նրա տեսակետները չի կիսում, սակայն, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Նա գտնում է,որ թեկնածուները ժողովրդին տանում են դեպի հերթական ողբերգությունը, սակայն դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս. «Փետրվարի 18-ին արձանագրելու ենք հերթական չընտությունների հերթական արտագաղթը»:
Ըստ պարոն Մեսրոբյանի քաղաքական գործչի առաքելությունը հասարակությանը արձագանքելը չէ, այլ պետք է ժողովրդի մեջ բարձրացնել սեփական երկիրը սիրելու և կառավարության կողմից պաշտպանված լինելու գաղափարը:
Իսկ, թե ինչ տեղի կունենա փետրվարի 18 ից հետո, հարցին՝ պարոն Մեսրոբյանը պատասխանեց.«Ընտրություններից անմիջապես հետո կսկսվի «վայ քոռանամ ես»-ի շրջանը, սկսվելու են մեկնաբանել՝ ինչի սա այսպես եղավ,ինչ սխալներ ու բացթողումներ եղան, ի վերջո նորից կավելանա արտագաղթը, ու սրանում մեղավոր կլինեն բոլոր թեկնածուները»: