Միասնական թեկնածուից մինչեւ Սասունցի Դավիթ (տեսանյութ)
Նախագահի ընտրություններում միասնական թեկնածու ունենալու միակ դեպքը գրանցվել է 1996 թվականին: Թեպետ բոլոր ընտրություններում էլ ընդդիմությունն ունեցել է հաղթելու լուրջ հավակնություններով գոնե մեկ ընդգծված թեկնածու։ 1996-ին իշխանության թեկնածուն նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Նրան պաշտպանելու մասին հայտարարեցին «Հանրապետություն» միավորման մեջ ընդգրկված չորս կուսակցությունները՝ ՀՀՇ-ն, Հանրապետականը, քրիստոնեա-դեմոկրատները եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյանները։ Ընդդիմության թեկնածուն ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն էր։
Վերջինիս պաշտպանում էր 7 կուսակցություն, որոնցից 3-ի ղեկավարները սեպտեմբերի 22-ի ընտրություններից 10 օր առաջ նախագահի թեկնածու էին։ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը եւ «Արցախ-Հայաստան» կուսակցության հիմնադիր Լենսեր Աղալովյանը ընտրություններից 10 օր առաջ ինքնաբացարկ հայտնեցին եւ միացան Վազգեն Մանուկյանին։ Վերջնիս պաշտպանում էր նա կասեցված Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ 2003-ին միասնական թեկնածու դառնալու հնարավորություններ ուներ Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Նրա մրցակիցը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, որը սատարող կուսակցությունների թվով ավելի նման էր միասնական թեկնածու։ Նրան սատարում էր 8 քաղաքական ուժ։ Գործող նախագահը սակայն չհաղթեց առաջին փուլում։ Երկրորդ փուլ չանցած 15 թեկնածուներից 4-ը պաշտպանեցին Ստեփան Դեմիրճյանին, ավելի վաղ եւս երեքն իրենց թեկնածությունները հանել էին ՀԺԿ առաջնորդի օգտին։ Ստեփան Դեմիրճյանին պաշտպանեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Այսպիսով առաջին փուլում առաջադրված 15 թեկնածուներից 9-ը երկրորդ փուլում պաշտպանեց Ստեփան Դեմիրճյանին։
Մյուս 4-ը երկրորդ փուլում չհայտարարեցին Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու մասին։ 2008-ին միասնական թեկնածու կարող էր դառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նրան սատարում էր 12 քաղաքական ուժ։ Մրցակից Սերժ Սարգսյանին՝ ընդամենը 7-ը։ Դրանցից մի քանիսի մասին հասարակությունը լսում էր առաջին անգամ։ Փոխարենը առաջադրվեցին եւ քվեարկվեցին Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Վահան Հովհաննիսյանը։
Ընտրություններից հետո նրանք բոլորն էլ աշխատեցին Սերժ Սարգսյանի հետ։ Այս տարվա ընտրություններում միասնական թեկնածուի ավելի նման է Հանրապետական կուսակցության ղեկավարը։ 5 կուսակցություն հայտարարել է նրան սատարելու մասին, թեպետ 5-ն էլ իշխանության մաս են։ Ընդդիմության դեմքով առաջադրվել եւ գրանցվել է միանգամից 6 թեկնածու։ Ընտրություններին մնացել է 6 օր։ Ազգին միավորելու մասին հայտարարել են բոլորը, սակայն Սասունցի Դավիթ հավակնում է լինել մեկը։