Գլխավոր մրցակիցս լինելու է Լեւոն Արոնյանը
ՖԻԴԵ-ի հաշվարկով աշխարհի առաջին շախմատիստ Մագնուս Կառլսենը կարծում է, որ այս տարի կայանալիք հավակնորդների մրցաշարում իր գլխավոր մրցակիցը լինելու է Լեւոն Արոնյանը:
«Արոնյանը բազմիցս ապացուցել է, որ աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Ես մեծ տեղ չեմ տալիս այն փաստին, որ նա վերջերս անհաջողության է մատնվել մի շարք մրցաշարերում: Լեւոնը շատ լրջորեն է վերաբերվում հավակնորդների մրցաշարին, քանի որ դա նրա վերջին հնարավորությունն է խաղալ աշխարհի չեմպիոնի` Անանդի հետ» - հայտարարել է նորվեգացի գրոսմայստերը:
Մագնուս Կառլսենը դժվար պայքար է ակնկալում Լոնդոնում կայանալիք մրցաշարում, չնայած մասնագետները հենց նրան են համարում գլխավոր ֆավորիտ:
«Արոնյանը եւ Կրամնիկը հաստատ չեն վախենում ինձնից: Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան եւ Գրիշչուկը վերջին ժամանակներին բավական առաջադիմել են: Շատ դժվար կլինի հաղթել Լոնդոնում: Չէ որ բոլոր մասնակիցները ամիսներով պատրաստվում են դրան» - ասել է 22-ամյա շախմատիստը, որը վերջերս վստահ հաղթանակ տարավ Վեյք Ան Զեեի սուպերմրցաշարում եւ կրկնեց աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի 1999 թ սահմանած ռեկորդը (10 միավոր 13 տուրում):
ՖԻԴԵ-ի հաշվարկով 2800-ից ավելի Վարկանիշային միավորներ հավաքած շախմատիստները.
1. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) 2872 (01.02.2013)
2. Գարի Կասպարով (Ռուսաստան) 2851 (01.07.1999)
3. Լեւոն Արոնյան (Հայաստան) 2825 (01.05.2012)
4. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) 2817 (01.03.2011)
5. Վեսելին Թոփալով (Բուլղարիա) 2813 (01.07.2006)
6. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) 2811 (01.01.2002)