Հայաստան – Լյուքսեմբուրգ խաղը չի հեռարձակվի
«Արմենիա» TV հեռուստաընկերությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ դիմել է հայ ֆուտբոլասերներին: Ահա այն.
Հարգելի ֆուտբոլասերներ
Հաշվի առնելով վերջին օրերին համացանցում տեղ գտած մի շարք քննարկումները, որոնք կապված են Հայաստան - Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպման հեռարձակման հետ, կարեւոր ենք համարում տեղեկացնել.
Հայաստան - Լուքսեմբուրգ ընկերական հանդիպումը չի հեռարձակվելու ոչ մի հեռուստաալիքով, քանի որ խաղը չի նկարահանվելու եվրոպական ոչ մի հեռարձակող կազմակերպության կողմից, եւ ազդանշանը չի բարձրացվելու արբանյակ: Հետեւաբար, անհիմն ենք համարում սույն հարցի շուրջ որոշ անձանց կարծիքն ու վերաբերմունքը, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով շահարկում են Արմենիա TV-ի անունը:
Արմենիա TV-ին մինչ այս հեռարձակել է Հայաստանի Ազգային հավաքականի այն բոլոր հանդիպումները, որոնց հեռուստատեսային ազդանշանը բարձրացվել է արբանյակ, եւ փորձել ապահովել թե տեղեկատվական հոսքի, եւ թե բուն հանդիպումների հեռարձակման մաքսիմալ բարձր որակը:
Գտնում ենք, որ մեր ֆուտբոլասերները, իսկ մենք մեզ դասում ենք նրանց շարքին, շատ լավ հասկանում են վերոնշյալ խնդիրները եւ ըմբռնումով են մոտենում հարցին:
Հարգանքով` «Արմենիա» TV-ի սպորտային բաժնի տնօրինություն
Այս հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ հայ ֆուտբոլասերը Հայաստան - Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպումը չի կարող դիտել եվրոպական հեռարձակող կազմակերպությունների անտարբերության պատճառով:
Սակայն հարց է ծագում, իսկ ինչու Հայաստան - Լյուքսեմբուրգ խաղը պետք է հետաքրքրեր եվրոպացիներին: Վերջին հաշվով Լյուքսեմբուրգի հավաքականը ամենաթույլերից մեկն է աշխարհամասում, իսկ Հայաստանը դեռեւս ֆուտբոլային գերտերություններից չէ, որոնք իրենց ուժերով են լուծում նման խնդիրները: