Արփինե Հովհաննիսյանը` դոցենտ
ԵԽԽՎ-ում «Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ» զեկույցում Հայաստանին վերաբերող մի շարք հատվածներում ԼՂՀ խնդրին առնչվող մի շարք ձեւակերպումներ կային, որոնք հայկական պատվիրակության համար անընդունելի էին:
Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը։
«Կային միջազգային ընդունված բազմաթիվ փաստաթղթեր, տարբեր ձեւաչափերում հնչեցված արտահայտություններ եւ տեսակետեր, կարծիքներ, որոնք պարզապես այդ զեկույցում արտացոլված չէին, ինչը ստիպեց հայկական պատվիրակությանը մինչ քննարկումը ներկայացնել հատուկ կարծիք զեկույցի վերաբերյալ: Այստեղ ամբողջովին ամրագրված էին մեր անհամաձայնությունները, հստակ փաստարկված, դիտողություններն ու առաջարկությունները։ Հատուկ կարծիքը կցված է այդ զեկույցին եւ համարվում է նույն ուժն ունեցող փաստաթուղթ, ինչ- որ զեկույցը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Ի դեպ, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի մասով կար 2 զեկույց` «Քաղբանտարկյալները Ադրբեջանում» եւ «Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ», որոնք ներկայացվել էին ԵԽԽՎ մոնիթորինգի եւ իրավական հարցերով հանձնաժողովների կողմից: 2 զեկույցն էլ 2 հանձնաժողովներում դրական եզրակցություն էին ստացել:
Այսօր ԱԺ-ում ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն ամփոփեցին հունվարի 21-25-ը Ստրասբուրգում տեղի ունեցած ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների արդյունքները: Լրագրողների հանդիմանը պատվիրակության 8 անդամներից ներկա էին ՀՀԿ-ական 3 պատգամավոր` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Նաիրա Կարապետյանը:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի` հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում բավականին բազմաբնույթ գործունեություն է իրականացրել: Պատգամավորը մասնավորապես ելույթ է ունեցել «Ադրբեջանի պարտավորությունների վերաբերյալ» զեկույցի մասով. «Իմ քննադատական խոսքն ուղղված էր կոնկրետ համազեկուցողներին, որոնք մի շարք պարզապես անհերքելի իրողություններ չէին արտացոլել իրենց զեկույցում: Ես նաեւ փոփոխություններ առաջարկեցի «Մամուլի ազատությունը ԵԽ անդամ երկրներում» զեկույցի վերաբերյալ: 2 փոփոխություն եմ առաջարկել, որոնք դրական եզրակացությամբ ընդունվեցին ինչպես հանձնաժողովի կողմից, այնպես էլ հետագայում վեհաժողովում քվերակվեցին եւ դրական եզարակացությամբ ընդունվեցին»:
Ի դեպ, ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն այսօր ստացել է դոցենտի կոչում: